Երևանում բերման է ենթարկվել «օրենքով գող» Արսեն Երևանսկին, հաղորդում է shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ նոյեմբերի 17-ին «օրենքով գողերի ռազբորկա» է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Դավիթ Բեկի 111/30 հասցեում կրակոցներ են հնչել:
Ոստիկանները պարզել են, որ ժամը 16:20-ի սահմաններում նշված հասցեում Կոտայքի մարզի բնակիչ 54-ամյա Վիտալի Ավդիանին, որը եղել է «Toyota» մակնիշի ավտոմեքենայով, վիճաբանել է Երևանի բնակիչ 28-ամյա Հայկ Շահբազյանի հետ։ Վերջինս եղել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, որում եղել է Երևանի բնակիչ 46-ամյա Արսեն Մկրտչյանը (Արսեն Երևանսկին)։
«Վիճաբանության ընթացքում երկու կողմերը հայհոյանքներ հնչեցրել միմյանց նկատմամբ:Օպերատիվ տվյալներով պարզվել է, որ Ավդիանին ձեռքերով հարվածներ է հասցրել Մկրտչյանի մարմնի տարբեր մասերին»,- գրում է կայքը:
Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և բերման են ենթարկվել 13 անձինք, այդ թվում՝ Արսեն Երևանսկին։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 297 հոդվածի (խուլիգանություն) հատկանիշներով: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ Վիտալի Ավդիանիին և նրա հետ եղած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Կայքի տեղեկություններով՝ Վիտալի Ավդիանին ևս «օրենքով գող» է: Ոստիկանությունը նաև փորձում է պարզել՝ արդյոք հնչած կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում ստացած անձինք եղել են, թե ոչ։
0Comments