ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների մի մասը նոյեմբերի 1-ից այլևս «40 000+10 000» սոցիալական աջակցության ծրագրի շահառու չեն հանդիսանա, քանի որ նոյեմբերի 1-ից այդ ծրագիրը նոր պայմաններով է տրամադրվելու։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը։
«Հաջորդ ամսվանից շահառու չեն հանդիսանա բոլոր այն մարդիկ, որոնց կեցությունը ապահովվում է կամ շարունակում է ապահովվել պետական միջոցներով։ Մասնավորապես բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ պետական համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում, հյուրանոցներում մնացող մարդկանց համար աջակցությունն այլևս չի գործի»,– ասաց նա:
Իսկ նրանք, որոնք կշարունակեն օգտվել ծրագրից, նոյեմբերից պետք է մեկանգամյա առցանց դիմում լրացնեն` ներկայացնելով անձնական տվյալները, նույն հասցեում բնակվողների անձնական տվյալները, բնակության հասցեն, էլեկտրոնային փոստը, բջջային հեռախոսահամարը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի աբոնեմենտի համարը։
Անչափահասների դեպքում անհրաժեշտ կլինի նաև երեխայի ծննդյան վկայականի կամ խնամակալության (հոգաբարձության) մասին հավաստող փաստաթղթի լուսապատճեններ կցել։
Ժամակոչյանը շեշտեց` եթե դիմումը մերժվի, ապա հարկ կլինի նաև հաջորդ անգամվա համար նորը լրացնել։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանն էլ ընդգծեց, որ մեկ շաբաթում «40 000+10 000 դրամ սոցիալական աջակցություն» ծրագրից օգտվել է 73 196 քաղաքացի, որից 69 199-ը ստացել են 40 000+10 000 դրամները, իսկ 3 997 քաղաքացի էլ ստացել է միայն 10 000 դրամի օգնություն։
Նա նաև նշեց, որ սոցիալական աջակցություն ստացող շահառուների շրջանակն ընդլայնվել է։
«Այսուհետև 100 000 դրամ միանվագ աջակցության ծրագրից կկարողանան օգտվել նաև Լաչինի միջանցքի փակման հետևանքով ՀՀ մուտք գործած այն քաղաքացիները, որոնք այստեղ են եկել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ»,– ասաց Մանուչարյանը` նշելով, որ նրանք օգտվում էին միայն «40 000+10 000 դրամ սոցիալական աջակցության» ծրագրից։
Հիշեցնենք` հոկտեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շուրջ 100 000 քաղաքացի արդեն ստացել են 100 000 դրամի միանվագ աջակցությունը, և նրանցից ավելի քան 25 000-ը երեխաներ են։ Բնակարանի վարձակալության համար 40 000 դրամ, իսկ կոմունալ ծախսերի համար 10 000 դրամ աջակցության ծրագրից օգտվել են 41 610 քաղաքացիներ։ 2700 քաղաքացու վճարվել է միայն կոմունալ ծախսերի համար նախատեսված 10 000 դրամը, քանի որ նրանք Հայաստանում բնակարան ունեն։
0Comments