Միանգամայն անհասկանալի են դատողությունները Ղարաբաղից ռուս խաղաղապահներին դուրս բերելու հնարավոր որոշման մասին, հատկապես ներկա ծայրահեղ բարդ հումանիտար վիճակում։
Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Արցախից ՌԴ խաղաղապահների հնարավոր դուրս գալու մասին։
«Դա պարոն Փաշինյանի ցանկությո՞ւնն է, չեմ հասկանում։ Ինչի՞ մասին է նա խոսում։ Նա ուզում է, որ այդպե՞ս լինի»,- հարց է տվել Զախարովան։
Նրա կարծիքով՝ «բոլորին է հայտնի, որ ռուս խաղաղապահները կատարում են կարեւոր գործառույթներ՝ թե՛ գերիների փոխանակում, թե՛ ականազերծում, թե՛ միջադեպերի կարգավորում, հումանիտար օգնության ցուցաբերում. «Մի՞թե Հայաստանի ղեկավարության տեսակետից այդ գործունեությունը պետք չէ եւ ցանկալի չէ, եւ նրանք ցանկանում են, որ այն չլինի։ Այսինքն՝ պետք է ինչ-որ կերպ կողմնորոշվել։ Ցավոք, մենք հաճախ ենք տեսնում, որ Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչները զբաղեցնում են նման մի ինչ-որ դիրքորոշում, երկիմաստ՝ մի շարք կարեւոր հարցերի վերաբերյալ, ուստի շատ կցանկանայինք, որ այս կետում երկիմաստություն չլինի։ Որովհետեւ բառերով ձեռնածություն անելը լավ բանի չի հանգեցնի»։
0Comments