Ստոլտենբերգն առաջարկել է պարզեցնել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացը

Մանրամասներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ելույթ է ունեցել դաշինքի հանրային ֆորումում, որը տեղի է ունեցել դաշինքի ղեկավարների հանդիպումից առաջ։ Ստոլտենբերգի խոսքով՝ ինքն առաջարկել է Ուկրաինայի համար չեղարկել «Անդամակցության գործողությունների ծրագիրը», գրում է kommersant.ru-ն։

Ստոլտենբերգի խոսքով՝ դա թույլ կտա կրճատել ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը։ Միաժամանակ նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ընդունում է, որ Ուկրաինան մեծ խնդիրներ ունի հակահարձակման ժամանակ, և պատասխանը պետք է լինի Կիևին ռազմական աջակցության ավելացումը։

«Ես երեք կետից բաղկացած ծրագիր եմ առաջարկել Ուկրաինային ՆԱՏՕ-ին մոտեցնելու համար: Դա բազմամյա աջակցության փաթեթ է, որը ամրապնդում է քաղաքական կապերը Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի ստեղծման միջոցով, ինչպես նաև վերացնում է Ուկրաինայի համար «Անդամակցության գործողությունների ծրագիրը» կյանքի կոչելու անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա նրան կրճատել (անդամակցելու) գործընթացը», - ասել է Ստոլտենբերգը Վիլնյուսի գագաթնաժողովում։

Գլխավոր քարտուղարը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակման ժամանակ բախվում են դիմադրության։ Նա նշել է, որ դիրքային պաշտպանությունը լուրջ մարտահրավեր է ուկրաինական զորքերի համար, և դաշինքը պետք է կենտրոնանա Կիևին աջակցություն ցուցաբերելու վրա «այնքան ժամանակ, որքան դա պահանջվի»։

Հիշեցնենք, որ նախօրեին Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները փոխհամաձայնության են եկել՝ վերացնելու Ուկրաինայի համար հյուսիսատլանտյան դաշինքին միանալու ճանապարհին «Անդամակցության գործողությունների ծրագիրը»։ 

ԱԳԾ-ն ծրագիր է Դաշինքի կազմ նոր անդամներ ընդունելու համար: Այն սկսվել է 1999 թվականի ապրիլին և նախատեսված է օգնելու այն երկրներին, որոնք մտադիր են դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Ծրագիրը նախատեսում է թեկնածու երկրներին արձագանքներ ստանալ ՆԱՏՕ-ին անդամակցության նախապատրաստման և Դաշինքի չափանիշներին համապատասխանելու հետ կապված իրենց գործողությունների վերաբերյալ բոլոր հիմնական ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, իրավական: