ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ռազմական դաշինքի համար «հիրավի պատմական պահ» է անվանել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունը՝ հավելելով, որ այդ քայլն Ուկրաինա ռուսական զորքերի մուտքի ուղղակի արդյունք է, հաղորդում է CNN-ը:
«Ոչ վաղ անցյալում մենք անհավանական էինք համարում, որ Ֆինլանդիան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Այժմ նրանք մեր դաշինքի լիիրավ անդամ են, եւ դա իսկապես պատմական փաստ է, որը ցույց է տալիս, որ Ֆինլանդիան ինքնիշխան, անկախ երկիր է։ Նրանք ինքնուրույն որոշումներ են կայացնում, իսկ ՆԱՏՕ-ն ժողովրդավարությունների միություն է, որի դռները բաց են ժողովրդավարական ինքնիշխան պետությունների համար, ինչպիսին Ֆինլանդիան է»,-ասել է նա։
«Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինա ներխուժելու նպատակն իր սահմանների երկայնքով «ավելի քիչ» ՆԱՏՕ տեսնելն է, նա ուզում էր փակել ՆԱՏՕ-ի դուռը, բայց ստացավ ճիշտ հակառակը»,-ասել է Սթոլթենբերգը։
Չնայած պետությունը Ռուսաստանի հետ ունի 1300 կմ ընդհանուր սահման, Սթոլթենբերգը լրագրողներին ասել է, որ ՆԱՏՕ-ի զորքերը Ֆինլանդիայում կտեղակայվեն միայն այդ երկրի համաձայնությամբ:
«Դառնալով ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ՝ մենք վերացնում ենք Մոսկվայում սխալ հաշվարկների հնարավորությունը Ֆինլանդիային պաշտպանելու ՆԱՏՕ-ի պատրաստակամության վերաբերյալ, եւ դա Ֆինլանդիան դարձնում է ավելի անվտանգ, ՆԱՏՕ-ն՝ ավելի ուժեղ»,-հավելել է նա։
Սթոլթենբերգը նաեւ ասել է, որ ակնկալում է, որ Շվեդիան, որը հայտարարել է Ֆինլանդիայի հետ միաժամանակ դաշինքին անդամակցելու մտադրության մասին, շուտով կդառնա դաշինքի լիիրավ անդամ:
0Comments