Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն հաստատել է, որ Ֆրանսիան բանակցություններ է վարում Ուկրաինայի հետ Լեհաստանում ուկրաինացի օդաչուների հնարավոր ուսուցման շուրջ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Չորեքշաբթի օրը Սենատի լսումների ժամանակ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ֆրանսիան պատրաստ է Ուկրաինային ինքնաթիռներ մատակարարել կամ ուկրաինացի օդաչուներին ուսուցանել, Լեկորնյուն հաստատել է, որ Լեհաստանում «ուկրաինացիների հետ քննարկումներ են ընթանում ինքնաթիռների եւ օդաչուների պատրաստման վերաբերյալ»:
Նախարարը հիշեցրել է, թե Ֆրանսիան բազմիցս հայտարարել է, որ ինքը «տաբու չունի» Կիեւ ինքնաթիռների հնարավոր մատակարարումների առումով, սակայն արկերը մնում են առաջնահերթություն առաքման մեջ, հատկապես 155 մմ տրամաչափի արկերը «Կեսար» հաուբիցների համար, որոնք Փարիզը մատակարարում է Կիեւին։ «Շտապ արկերի կարիք կա. Ուկրաինայի հնարավորությունները կախված են զինամթերքի մատակարարումից»,- ասել է նա։
Ֆրանսիական օդուժը ներկայումս ունի 195 կործանիչներ՝ 96 «Ռաֆայել» եւ 95 «Միրաժ» 2000։ Եվս 40 կործանիչ պատկանում է Ֆրանսիայի ռազմածովային ուժերին։ Ֆրանսիայի զինված ուժերը ծրագիր ունեն՝ փոխարինելու հնացած «Միրաժ» կործանիչները, որոնք աստիճանաբար փոխարինվում են ավելի ժամանակակից «Ռաֆայել»-ով։ շահագործումից հանված 12 «Միրաժ» կործանիչներ, ըստ ֆրանսիացի ռազմական մասնագետների, «կարող են վաճառվել կամ փոխանցվել» Ուկրաինային։ Ավելի վաղ Լեկորնյուն նշել էր, որ «Ուկրաինային ինքնաթիռների փոխանցումը ներառում է շատ բարդ լոգիստիկ ու պրակտիկ հարցեր»։
0Comments