ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Նրա և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ կադրերը՝ արված Կիևի Միխայլովյան տաճարի մոտ հրապարակում են ուկրաինական լրատվամիջոցները, մասնավորապես՝ korrespondent.net-ն։
kommersant.ru-ն հավելում է, որ Բայդենի ժամանման ֆոնին քաղաքի կենտրոնը փակ էր առավոտից։
Սպիտակ տան մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ Բայդենը Կիևում հայտարարել է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն փոխանցելու մասին։
«Այսօր Կիևում ես հանդիպում եմ նախագահ Զելենսկու և նրա թիմի հետ՝ Ուկրաինային մեր աջակցության մասին տևական զրույցի համար։ Ես հայտարարում եմ կարևորագույն սարքավորումների ևս մեկ առաքման մասին՝ ներառյալ հրետանային զինամթերք, հակատանկային արկեր, օդային հսկողության ռադարներ, որոնք անհրաժեշտ են ուկրաինացի ժողովրդին օդային ռմբակոծություններից պաշտպանելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Բայդենն ասել է, որ այս շաբաթ կհայտարարի հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի մասին։ Նրա խոսքով՝ ինքը ժամանել է Կիև՝ հայտարարելու, որ սատարում է ժողովրդավարությանը և Ուկրաինայի ինքնիշխանությանը։
Մինչդեռ Reuters-ի փոխանցմամբ՝ Բայդենը Կիևում Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ն մտադիր է Ուկրաինային տրամադրել 500 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթ։
Այսօր՝ փետրվարի 20-ին, նախատեսվում էր ԱՄՆ նախագահի երկօրյա այցը հարևան Լեհաստան։ Նախկինում Սպիտակ տունը բազմիցս բացառել է նրա այցը Կիև։
Այս այցն Ուկրաինա Բայդենի համար առաջինն է ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Սակայն Միացյալ Նահանգների փոխնախագահ եղած ժամանակ նա վեց անգամ այցելել է Ուկրաինա, վերջին անգամ՝ 2017 թվականի հունվարին։
0Comments