2025թ․-ի հունվարի 20-ից հյուպատոսական բաժինը կպահանջի բոլոր ոչ-ներգաղթային վիզայի դիմորդներից վիզայի հարցազրույցի ժամանակ ներկայացնել նույն DS-160 հաստատման համարով դիմումի ձևը, որն օգտագործվել է հանդիպման ամրագրման համար: Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից։
«Դուք ՊԵՏՔ Է ներկայանաք վիզայի հարցազրույցին DS-160 դիմումի հաստատման այն համարով, որն օգտագործել եք Ձեր հարցազրույցի օրը վերցնելու համար:
Եթե Դուք լրացրել եք նոր դիմում և ունեք DS-160 դիմումի նոր համար, ապա ՊԵՏՔ Է փոխեք Ձեր հին համարը վիզայի հարցազրույցի համար դեսպանատուն ժամանելուց առնվազն 48 ժամ առաջ՝ հետևելով ստորև նշված քայլերին: Նկատի ունեցեք՝ Դուք կարող եք փոխել ձեր DS-160 դիմումի համարը միայն մեկ անգամ:
DS-160 դիմումի հաստատման համարը փոխելու անհրաժեշտ քայլերը.
- Մուտք գործեք Ձեր հաշիվ՝ https://ais.usvisa-info.com,
- «Applicant Summary Page»-ում սեղմեք «gear» կոճակը և ընտրեք «Edit» տարբերակը,
- DS-160 համարի դաշտում լրացրեք նոր փոփոխված դիմումի հաստատման համարը,
- Ընտրեք «Save»,
- Ներկայացեք Ձեր հարցազրույցին ամրագրված օրը և ժամին։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ հյուպատոսական բաժինը չի կարող օգնել Ձեզ թարմացնել DS-160 դիմումի համարը: 2025թ․-ի հունվարի 20-ից Ձեր մուտքը դեսպանատուն կարգելվի, եթե Ձեր հաստատման էջում նշված DS-160 դիմումի հաստատման համարը չի համընկնում հարցազրույցի ամրագրման համարի հետ, և Դուք ստիպված կլինեք հարցազրույցի համար նոր օր վերցնել:
Հայտարարություն
2023թ․ հոկտեմբերի 18-ից սկսած ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը հյուպատոսական ծառայությունների դիմաց վճարումներ կատարելիս չեն ընդունվում նախքան 2013թ․ հոկտեմբերի 8-ը թողարկված 100 դոլարանոց թղթադրամներ։ Դեսպանատունը կշարունակի ընդունել 2013թ․ հոկտեմբերից հետո թողարկված 100 դոլարանոց թղթադրամներ (նմուշը՝ այստեղ)։ Հիշեցնենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը հյուպատոսական ծառայությունների դիմաց վճարումներ ընդունվում են միայն կանխիկ՝ ԱՄՆ դոլարով և ՀՀ դրամով։ Կրեդիտային քարտեր և չեկեր չեն ընդունվում։ Չափահաս քաղաքացու նոր անձնագրի տրամադրման և երեխայի ծննդյան հյուպատոսական գրանցման ծառայությունների դիմաց վճարումներ կատարելիս ԱՄՆ քաղաքացիները կարող են նաև օգտվել pay.gov առցանց հարթակից։
Ժամանում
Հորդորում ենք այցելուներին ժամանել նշանակված ժամից 15 րոպե շուտ։ Երբեմն մենք չենք կարող ընդունել ավելի քան 15 րոպե ուշացումով ժամանած այցելուներին։
Դեսպանատան շրջակայքում վիզայի համար դիմողների համար կայանատեղի չկա, ըստ այդմ, խնդրում ենք այցը պլանավորել համապատասխանաբար: Վիզայի համար դիմողները կարող են դեսպանատուն մուտք գործել միայն Ծովակալ Իսակովի պողոտայից։
Եթե հենաշարժողական կամ տեսալսողական խնդիրներով պայմանավորված աջակցության կարիք ունեք, ապա նախքան հարցազրույցի ներկայանալը մուտք գործեք այստեղ՝ հյուպատոսական բաժնի հետ անհրաժեշտ հարմարությունների ապահովման վերաբերյալ պայմանավորվելու համար»,-նշվում է հայտարարության մեջ։
0Comments