Դոնալդ Թրամփի վարչակազմում ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Մարկո Ռուբիոն ասել է, որ «իրատեսական չէ» հավատալ, որ ուկրաինական զինված ուժերը կարող են ռուսական զորքերը հետ մղել մինչեւ ներխուժումը եղած գծերը, եւ որ Կիեւը պետք է զիջումների գնա Մոսկվային՝ պատերազմին վերջ դնելու համար, որն սկսվել է ռուսական լայնամասշտաբ ներխուժմամբ, տեղեկացրել է «Крым. Реалии»-ն։
Այս մասին սենատոր Մարկո Ռուբիոն հայտարարել է հունվարի 15-ին Սենատի լսումների ժամանակ՝ նվիրված իր թեկնածության հաստատմանը։
Թրամփը խոստացել էր արագ վերջ տալ գրեթե երեք տարի տեւած ուկրաինական պատերազմին՝ մտավախության տեղիք տալով, որ նա կստիպի Կիեւին տարածքները, գոնե ժամանակավորապես, զիջել Մոսկվային: Այժմ Ռուսաստանը վերահսկում է Ուկրաինայի տարածքի մոտ 20 տոկոսը։
Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ 2022թ. փետրվարի 24-ին սկսված լայնամասշտաբ ներխուժումից ի վեր Ռուսաստանը կորցրել է ավելի քան 700 հազար զինվոր՝ վիրավոր եւ սպանված։ Ուկրաինան նույնպես վնասներ է կրել, որոնք հաշվարկվում են հարյուր հազարներով։
Ռուբիոն ասել է, որ Ուկրաինայի շատ ավելի փոքր բնակչությունը, Ռուսաստանի համեմատ, նշանակում է, որ նա չի կարող դիմակայել աշխատուժի նման կորուստներին:
«Ուկրաինայի փողերը չեն սպառվում, սպառվում են նրա մարդիկ»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Բայդենի վարչակազմի քաղաքականությունը՝ աջակցել Ուկրաինային «այնքան ժամանակ, որքան դա պահանջվում է», «իրատեսական կամ խելամիտ դիրքորոշում չէ»։
Ֆլորիդացի սենատորը նաեւ ասել է, որ «զիջումներ պետք է արվեն ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ ուկրաինացիների կողմից»:
Ռուբիոն չի մանրամասնել հնարավոր զիջումները եւ ասել է, որ դժվար կլինի ձեռք բերել խաղաղության համաձայնություն:
«Դա հեշտ գործ չի լինի... այն համարձակ դիվանագիտություն կպահանջի»,- ասել է նա։
Միեւնույն ժամանակ, ինչպես գրել է «Голос Америки»-ն, ԱՄՆ ներկա եւ հաջորդ նախագահների ազգային անվտանգության հարցերով խորհրդականներ Ջեյք Սալիվանը եւ Մայք Ուոլթցը չեն նշել Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ ԱՄՆ ազգային անվտանգության հիմնական մարտահրավերների շարքում։
0Comments