Ճապոնիայի Չուբու օդանավակայանում Jetstar ավիաընկերության ինքնաթիռի հարկադիր վայրէջքից հետո ռումբի սպառնալիքի պատճառով չեղարկվել է 63 չվերթ, ևս 4 չվերթ ստիպված է եղել փոխել նպատակակետը, հաղորդում է Nippon Television Network-ի լրատվական ծառայությունը։
Նշվում է, որ ինքնաթիռն առավոտյան Տոկիոյի մոտ գտնվող Նարիտա օդանավակայանից թռչում էր երկրի հարավում գտնվող Ֆուկուոկա: Թռիչքից հետո Նարիտա օդանավակայանը զանգ է ստացել Գերմանիայից, տղամարդն անգլերենով հաղորդել է, որ ուղեբեռի հատվածում պլաստիկ ռումբ է տեղադրված։
Արդյունքում՝ ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Աիչի պրեֆեկտուրայի Չուբու օդանավակայանում։ Ընդհանուր առմամբ, ինքնաթիռում եղել է 136 ուղևոր և անձնակազմի վեց անդամ։ Տարհանման ժամանակ հինգ մարդ ստացել է քերծվածքներ և կապտուկներ։
Ոստիկանությունը ստուգել է ինքնաթիռը և բեռնախցիկը, սակայն պայթուցիկ չի հայտնաբերվել։ Հարկադիր վայրէջքի պատճառով թռիչքուղին փակ է եղել 4,5 ժամով։
0Comments