Քավության Իշխանը․ ՀՅԴ-ն ամեն ինչ վայր կդնի, բայց ոչ՝ մանդատը

Մանրամասներ
ա

Սերժ Սարգսյանի շնորհած «ընդդիմության առաջնորդ» տիտղոսը եւ խաչը հպարտորեն կրող Իշխան Սաղաթելյանը, ով նաեւ ՀՅԴ հայաստանյան կառույցի ղեկավարն է, երեկ հայտարարեց, որ մանդատը վայր չի դնելու, կուսակցությունն այդպես է որոշել։ ՀՅԴ-ն հիմա Հայաստան դաշինքի գրեթե կեսն է ու կարող է ավելանալ կոպիրկինյան «սյունյաց կուսակցության» ինքնաբացարկից հետո, առաջին անգամ ունենալով այդքան մանդատ։ Իսկը երկնային մանանա ՀՅԴ համար, քանի որ ընտրությանն առանձին մասնակցելու դեպքում ոչ մի մանդատ չէին ունենա։ Ինչպես ասել է մի կարկառուն դաշնակցական, ՀՅԴ-ն ամեն ինչ վայր կդնի, բայց ոչ՝ մանդատը։

Երկրային գործերում ՀՅԴ-ն մանդատի համար տարիներ շարունակ ճողվում էր Ռոբերտի ու Սերժի, Սերժի ու Ռոբերտի, Նիկոլի ու Ռոբերտի միջեւ՝ մանր կրպակների, շինարարության, սալյարկայի քվոտաների համար, մինչեւ 2020-ի նոյեմբերի 9, երբ խաղերն ավարտվեցին։ Երեւանյան հրապարակը ՌԴ դեսպանատան հրահանգով շտապ զբաղեցրած 17+1-ի մեկնարկին ՀՅԴ ղեկավարներից Արմեն Ռուստամյանը հենց հրապարակից հավատարմության երդում տվեց Ռուսաստանին ու նոյեմբերի 9-ի հակահայ եռակողմ հայտարարությանը։

Հետո եղան կոպիրկինյան քվոտաներով արտահերթ ընտրությունը, դիմադրություն շարժումը, որի իմաստը դիմադրության գաղափարի վարկաբեկումն էր, երկու տարի շարունակվող բալագանը Կրեմլի կոյուղատարներից նետված քարոզչական աղբի շուրջ՝ ՀՅԴ-ն ռուսանպաստ մյուս խմբերի հետ կատարում էր Նիկոլի իշխանության հենակի, խորհրդարանում ազգային հիմնախնդիրների քննարկումները բացառելու եւ հայ ժողովրդին քարոզչական աղբով ապակողմնորոշելու գործառույթը՝ քպ-ընդդիմություն հակադրամիասնության եւ աշխատանքի համապատասխան բաժանման շրջանակում։

ՀՅԴ բառապաշարից ու քաղաքական տեքստերից վերացան 1921-ի ռուս-թուրքական պայմանագրեր, Արցախի անկախության ճանաչում, 1989 թ․ Հայաստանի հետ Արցախի վերամիավորման որոշում, Նախիջեւանի հանդեպ հայկական իրավունքներ եւ նման արտահայտությունները։ ՀՅԴ-ն մասնակցեց նաեւ Սոչիում եռակողմ ու Երեւանում ՀԱՊԿ կլոունադաները, Պուտինի, Լավրովի ու նրանց հաճախորդ բաքվեցու վերջին օրերի զավեշտական ստերն ու իրավական նենգափոխումները հայկական խորհրդարանում «լեգիտիմացնելու» երեկվա ամոթալի ակտին, որի հեռահար նպատակը նաեւ երկրի գլխավոր քաղաքական հարթակի վերջնական վարկաբեկումն էր։

Ինչու ենք ՀՅԴ-ն առանձնացնում մյուսներից։ Որովհետեւ նրա անցած ճանապարհը՝ իմաստավորելու պայմանով, համաշխարհային ցանցի հնարավորությունները եւ ՀՀ խորհրդարանում ներկայությունը մանդատների պատկառելի քանակով բավարար էր հայկական իրավունքների հիմքով առնվազն քննարկումների ծավալման համար, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ չնայած Պուտին-Ալիեւ-Փաշինյան «ադրբեջանական իրավունքները հիմնավորելու» ջղաձգումներին՝ հայկական իրավունքների հաստ փաթեթը ոչ մի տեղ չի կորել, եւ այդ քննարկումներն ավելի ու ավելի էին ծանրացնելու հայկական իրավունքի նժարը։ Ոչ միայն ծանրացնելու, այլեւ պատմության աղբանոցը նետելու հանցավոր եռյակին ու նրանց եռակողմ թղթերը՝ դրանց շահառուներով հանդերձ։

Բայց ՀՅԴ-ն ընտրեց նվաստ ճանապարհը՝ ինքը դառնալով եռակողմի սպասարկուն՝ շահառուի «քվոտաների» խղճուկ հույսերով, միանալով նույնքան խղճուկ տեքստերի ու էժանագին կլոունադաների։

Սկզբնաղբյուր