Պոդդավկին ռուսական շաշկու մի տեսակ է, երբ մրցակիցները ձգտում են որքան հնարավոր է արագ տանուլ տալ բոլոր քարերը եւ պարտվել: Հայաստանյան վերնախավում ցանկացած աշխուժություն այլեւս այս ժանրին է պատկանում՝ իր ավերիչ հետեւանքներով հանդերձ
Այս ծանոթությունից հետո հարկ է հիշցնել երկու շաբաթ առաջ ՀՀ կողմից ՄԱԿ Արդարադատության դատարան բերված հայցը՝ հայ գերիների գնդակահարության վերաբերյալ: Համաձայն մասնագետների, ՀՀ հայցը կազմված էր այնպես, որ երաշխավորված տապալվի ՄԱԿ-ում: Զատուլինի շուրջ քաշքշուկը նույն շարքից է: Ինչ նպատակով եւ ինչի հետեւանքով են արվում այս, առաջին հայացքից, անհեթեթ քայլերը
Բանն այն է, որ ՔՊ – «նախկիններ» երկբեւեռ շինծու հակադրության շուրջ 2021-ի գարնանը կառուցված մանիպուլատիվ նախընտրական սխեման 2022-ի աշնանը իրեն արդեն սպառել է: ՌԴ դեսպանության իրականացրած պարզունակ, բայց ազդու կոմբինացիան մեկ տարի առաջ ապահովեց ՀՀ ԱԺ կազմում հավասարապես ռուսապատկան՝ մեկ իշխող եւ երկու այսպես կոչված ընդդիմադիր խմբակների ներկայությունը: Պլաստիկ շշերով ու տաք սուրճով էժանագին մենամարտերից հետո ՀՀ ԱԺ-ն իբրեւ ՌԴ ձեռքին հայ հասարակական կարծիքի մանիպուլացիայի գործիք սպառեց իրեն:
Ընդդիմությունը կորցրեց իր քարոզչական կարողությունը նույնիսկ փողոցում, քանի որ Հայաստանի շուրջ տիրող իրողությունը ռուսանպաստության որեւէ հիմք այլեւս չէր թողնում: Փառուխ, Խոզնավար, Ջերմուկ. բանը բանից, ինչպես ասում են, անցել էր: Այս պայմաններում է, որ կյանքի կոչվեց օտար one man show անվանումով սխեման, որում զմրուխտե սաղարթների՝ ձեռնածության բացառիկ տաղանդով օժտված մի զավակ ներկայացնում է մերթ «արեւմտամետ», մերթ ռուսամետ գործչի բուռն գործունեություն:
Այսպիսի գործունեության կարեւորագույն սկզբունքն այն է, որ այն չհանգեցնի իրական արդյունքների, այլ վատթարացնի վիճակը: Սա «պոդդավկիի» սկզբունքն է: Որոնք են «արդյունքները»: ՀՀ տարածքի խորք տեղափոխված փաստացի սահմանի ֆիքսում եվրոպական առաքելության կողմից: ՀԱՊԿ ցուցանակի տակ իրականացված ռուսական թշնամական մանրազնին հետախուզում ՀՀ Զինուժի թիկունքում: ՄԱԿ Արդարադատության ատյան բերված կանխավ մերժելի հայց, որ ընդգծում է հայկական խնդիրը իրավական հարթության մեջ հետապնդելու հեռանկարի բացակայությունը:
Հիմա նաեւ՝ դիվանագիտական կարգավիճակ չունեցող Կոնստանտին Զատուլինին պերսոնա նոն գրատա հայտարարելու թվացյալ անհեթեթությունը: Նախ պարոն Զատուլինը Հայաստանում ռուսանպաստ գործունեությամբ զբաղվելու որեւէ հիմք վաղուց չունի, մասնավորապես, 2020-ի պատերազմում ռուսական դերի մասին իր իսկ արած խոստովանություններից հետո: Եւ երկրորդը, առավել կարեւորը՝ Նիկոլ Փաշինյանի թվացյալ անհեթեթ դեմարշը բացում է զախարովաների կապ ընկնող լեզուն: Բացում է նաեւ չոր քիմքին կպած «ընդդիմության» լեզուն, որը լռում էր, օրինակ, Պրագայի հայտարարության վերաբերյալ: Երկուսն էլ հիմա հնարավորություն ունեն բարբաջելու եւ ինչ-ինչ շահարկումներ կատարելու: Սա սառցաբեկորի միայն երեւացող մասն է:
Պոդդավկիի իրական նպատակը շատ ավելի ընդգրկուն է. առավելագույնս խոցելի դարձնել ՀՀ, առհասարակ հայության դիրքերը 1921 թվականի իրողությունն՝ ի վնաս Հայաստանի ընդլայնելու եւ օրինականացնելու նախաշեմին: ՀՀ-«Ադրբեջան» պայմանագրի ստորագրման նախաշեմին: Ետին, աներեւույթ պլան մղել 2020-ի պատերազմի բուն դրդառիթի՝ 1921 թվականի Մոսկվա/Կարսի պայմանագրի առավելագույն 4 անգամ 25 տարի «ժամանակավոր» կարգավիճակի սպառումը: Խաղաղատենչության քողի տակ ետին պլան մղել Արցախի կորուստը բազմապատիկ գերազանցող՝ Նախիջեւանի հայկական ինքնավարության իրավական կարգավիճակի ոչնչացումը հոգուտ Բաքվի:
Կարեւոր է նաեւ մեկ մարդու շոու ներկայացնող եւ պոդդավկի խաղացողի հոգեբանական ուղերձը հայերին: Հետեւյալն է. ժողովրդին ծայր աստիճանի ապակողմնորոշել, ծայր աստիճանի խճճել, ծայր աստիճանի հուսահատեցնել, կարճ ասած՝ հասցնել մի վիճակի, երբ մարդիկ ասեն. արա ինչ կամենաս, մենք հոգնել ենք, շուտով Նոր տարի է, բուդ, տոլմա եւ այլն: Մնացածը հետո կլինի:
Նկարագրած ճակատային հոգեբանական գրոհը իր ազդեցությամբ գրեթե համարժեք է մի նոր պատերազմի ավերիչ ազդեցության: Սա այն դեպքն է, երբ գեոպոլիտիկ նպատակը արժե «հեղափոխականի» 4 տարում թափված ջանքերը:
0Comments