Նախօրեին, կեսօրին մոտ, Միտիլինի նավահանգստի աշխատակազմի պարեկանավը Լեսբոսի հյուսիսարեւմտյան ծովային ավազանում հայտնաբերել է Կոմորյան կղզիների դրոշի ներքո նավարկող «ANATOLIAN» ռոլքեր-նավը, որը կասկածելի է թվացել՝ ազգային տարածքային ջրերում շարժվելով կղզու հյուսիսային ուղղությամբ։ Այս մասին նշվել է Հունաստանի մերձափնյա պահպանության հայտարարությունում։
«Հետագայում դիտարկվող նավի կապիտանը, պարեկանավի անձնակազմից ստուգման նպատակով նավարկությունը կանգնեցնելու մասին տեղեկությունն ստանալով, չի ենթարկվել դրան եւ շարունակել է զուգահեռ շարժվել թուրքական նավի հետ։ Նավը հետապնդվել է, այդ ընթացքում նախազգուշական կրակոցներ են արձակվել անվտանգ շրջանում, բայց նշյալ նավը կանգ չի առել՝ մտնելով թուրքական տարածքային ջրեր եւ շարժվելով թուրքական ափի ուղղությամբ։
Միեւնույն ժամանակ, նրանք օպերատիվ շտաբի կողմից գրավոր տեղեկացվել են միջադեպի մասին»,- նշվել է գերատեսչության հայտարարությունում։
Հիշեցնենք, որ մինչ այդ թուրքական լրատվամիջոցները տեղեկացրել էին այն մասին, որ շաբաթ օրը հունական մերձափնյա պահպանության երկու նավակ Թուրքիայում, Բոզչաադում, հարավարեւմտյան ափից 11 մղոն հեռավորությամբ, իբր կրակ են բացել ռոլքեր-նավի դեմ։
Կոմորյան կղզիների դրոշի ներքո նավարկող «Անատոլիան» նավը, որի 18 հոգանոց անձնակազմում վեց եգիպտացի, չորս սոմալեցի, հինգ ադրբեջանցի եւ Թուրքիայի երեք քաղաքացի կային, ենթարկվել է հարձակման միջազգային ջրերում, նշվել է Թուրքիայի մերձափնյա պահպանության հրամանատարության հայտարարությունում։
Իմանալով միջադեպի մասին՝ թուրքական ափամերձ ծառայությունը երկու նավակ է ուղարկել, ինչից հետո հունական նավակները հեռացել են այդ շրջանից, տեղեկացրել են թուրքական լրատվամիջոցները։
0Comments