ԱՄԷ-ն հզոր կիբեր զենք է օգտագործել

Դրանով կարողացել են հեռվից մուտք գործել թիրախավորված անձանց iPhone-ներին

Միացյալ Արաբական էմիրություններում աշխատող ԱՄՆ-ի հետախուզության նախկին աշխատակիցներից կազմված թիմը «Կարմա» անվանումով բարդ լրտեսական գործիքի միջոցով կոտրել  է ակտիվիստների, դիվանագետների եւ օտարերկրյա առաջնորդների այֆոնները, ինչը վկայում  է, թե ինչպես  է հզոր կիբեր զենքը տարածվում աշխարհի գերտերությունների սահմաններից դուրս, հաղորդում  է Reuters-ը:

Կիբեր գործիքն ԱՄԷ-ին հնարավորություն է տվել հարյուրավոր թիրախների մոնիթորինգ սկսել՝ սկսած 2016 թվականից: Թիրախում են հայտնվել Կատարի էմիրը, բարձրաստիճան թուրք պաշտոնյա եւ նույնիսկ իրավապաշտպան, Եմենում Նոբելյան մրցանակի դափնեկիր:

 «Կարմա»-ն բնութագրվում է որպես գործիք, որը կարող է հեռվից մուտք ունենալ  iPhone-ին՝ պարզապես հեռախոսահամարները կամ էլեկտրոնային փոստի հաշիվները բեռնելով թիրախավորման ավտոմատացված համակարգ: Գործիքը սահմանափակումներ ունի. այն չի աշխատում Android սարքերի վրա եւ հասանելիություն չունի հեռախոսազանգերին:

2016 եւ 2017 թվականներին «Կարմա»-ն օգտագործվել է թիրախավորված iPhone-ներից լուսանկարների, էլեկտրոնային նամակների, տեքստային հաղորդագրությունների եւ գտնվելու վայրի մասին տեղեկությունների ստացման համար:

Պարզ չէ՝ արդյոք այս գործիքը մինչեւ հիմա օգտագործվում  է, թե ոչ:

 «Կարման» հետախույզներին թույլ  է տվել տարբեր նպատակների համար ապացույցներ հավաքել՝ սկսած ակտիվիստներից, որոնք քննադատում են կառավարությանը մինչեւ տարածաշրջանային մրցակիցներ, այդ թվում Քաթարի եւ ԱՄԷ-ի գաղափարական հակառակորդը՝ «Մուսուլման եղբայրներ»-ը:

Ըստ հետախույզների՝ ԱՄԷ-ի կառավարությունը  «Կարման» մատակարարից ձեռք է բերել երկրի սահմաններից դուրս: Reuters-ը չի կարողացել պարզել զենքը ստեղծողին: