Փաստաբանների իրավունքերի պաշտպանության, վերջին շրջանում նրանց նկատմամբ կատարված բռնությունների, ինչպես նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության նոր նախագծերի մասին ArmeniaDaily.am-ը զրուցել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ:
Պատգամավորի խոսքով՝ հանրության մոտ թյուր կարծիք կա ձևավորված, որ փաստաբանին կարելի է նույնացնել իր վստահորդի հետ. «Աամբողջ աշխարհում է այդպես, որ փաստաբանները չպետք է նույնացվեն իրենց վստահորդների հետ, ավելին՝ մեր օրենսդրությունում էլ դա կա, պարզապես, մեր օրենսդրությունում չկա պատասխանատվության ենթարկելու կառուցակարգերն այն անձանց համար, ովքեր կնույնացնեն, կսպառնան կամ կվիրավորեն փաստաբաններին»:
Տարոն Սիմոնյանի խոսքերով փաստաբանների նկատմամբ բռնություններ կամ մասնագիտական գործունեության խոչընդոտումներ միշտ էլ եղել են, պարզապես նախկինում մարդկանց շատ փոքր հատվածն էր, որ կարող էր իրեն թույլ տալ կամ սպառնալ փաստաբանին:
«Այսօր, երբ քաղաքական իշխանությունը փոխվել է և առաջացել է անհրաժեշտություն պաշտպանել նախկին իշխանության հետ կապ ունեցող անձանց՝ նույն դատական ատյաններում, հանրությունը չի կարողանում հասկանալ, ինչպես կարող են այդ անձինք ունենալ փաստաբանական պաշտպանության իրավունք»,-ասաց նա:
Անդրադառնալով Լուսավոր Հայաստան խմբակցության մեկ այլ նախաձռնությանը՝ քաղաքացիների աշխատանքային իրավունքները պաշտպանող պետական մարմին ստեղծելու վերաբերյալ, պատգամավորը նշեց, որ մեր երկրում աշխատողների իրավունքները նորմալ չեն պաշտպանվում:
«Տարիներ առաջ մենք այդպիսի մարմին ունեինք, սակայն հետագայում այն կցվեց մեկ այլ մարմնի և դրա արդյունավետությունն ըստ մեզ բավականին լուրջ պակասեց: Լուսավոր Հայաստան խմբակցությունը տեսնում է դրա կարիքը և այդպիսի առաձին ստորաբաժանում պետք է նորից ստեղծվի, որպեսզի մեր աշխատողների իրավունքներն ավելի լավ պաշտպանվեն»,-իր խոսքում նշեց Տարոն Սիմոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
0Comments