Միջազգային զանգվածային լրատվամիջոցները սկսել են լուսաբանել Հայաստանում անցկացվող «Հանուն հայրենիքի» շարժման բողոքի ցույցերը, քանի որ այն նոր փուլ է ստացել, երբ շարժման առաջնորդ, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց մինչև վերջ գնալու մտադրության մասին։
Դրա մասին «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը։
Նա նշել է, որ շարժումը համաժողովրդական բնույթ է կրում, տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս գալիս հրապարակներ ու փողոցներ, ցույցերին մասնակցում են հասարակության տարբեր շերտեր՝ տարբեր տարիքի, տարբեր վայրերից, ներառյալ՝ Սփյուռքից։ Նա պարզաբանել է, որ շարժման առաջնորդին Սփյուռքի մի կարևոր հատված արդեն աջակցություն է հայտնել, և արտասահմանյան դեսպանատները աստիճանաբար զեկույցներ են գրում, իսկ միջազգային լրատվամիջոցներն ավելի ու ավելի ակտիվորեն են լուսաբանում այս հարցը։
Փափազյանի համոզմամբ՝ սա հնարավորություն է տալիս օտար երկրներին ավելի շատ բան իմանալ շարժման, մասնակցող ուժերի, նրանց պահանջների վերաբերյալ և հնարավորություն է ընձեռում պատկերացում կազմել՝ ինչ ճանապարհով կգնա Հայաստանը, եթե Գալստանյանը դառնա ՀՀ վարչապետ։
«Բագարտ Գալստանյանն այս բոլոր հարցերի պատասխանները տվել է, և ակնհայտ է, որ այս շարժումն արտացոլում է Սփյուռքի պահանջները։ Շարժումը չունի արտաքին քաղաքական վեկտոր: Բագրատ Գալստանյանն ասում է, որ պետք է լավ հարաբերություններ հաստատել արտաքին բոլոր խաղացողների հետ, և սա նոր մոտեցում է, որը կարող է մեծացնել հետաքրքրությունը միջազգային ասպարեզում։
Հայաստանի իշխանությանը քննադատելու մեջ ոչ մի լավ բան չկա, բայց երբ հայ ժողովրդի շահերը վտանգված են, ստիպված ենք դա անել։ Իշխանությունները չեն պաշտպանում Հայաստանի և հայ ժողովրդի շահերը, իսկ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները չեն կարող աչք փակել խախտումների վրա և ստիպված են արձագանքել։ Միաժամանակ, իշխանությունները դիմում են հալածանքների, իսկ դա նշանակում է, որ նրանք ժողովրդի պահանջին պատասխանելու բան չունեն։
Դա նշանակում է, որ Բագրատ Գալստանյանն այնքան ուժեղ անհատականություն է, որ Փաշինյանը չի ուզում նրա հետ գործ ունենալ։ Ինչո՞ւ Փաշինյանը չհամաձայնեց բանավիճել Գալստանյանի հետ: Որովհետև պատասխանելու բան չունի։ Փաշինյանն ուզում է շարունակել զիջումների քաղաքականությունը»,- եզրափակել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահը։
0Comments