Բուչայում մարդիկ բռնաբարվել են, խոշտանգվել, և ուրեմն ՌԴ–ն տեղ չուներ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում․ Բայդեն

Մանրամասներ

1

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, մեկնաբանելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ՌԴ անդամակցության կասեցումը, նշել է, որ դա միջազգային հանրության կողմից նշանակալից քայլ է:

«Սա նշանակալից քայլ է միջազգային հանրության կողմից, որը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպես Պուտինի պատերազմը Ռուսաստանին դարձրեց միջազգային մերժված պետություն (страна изгой-Խմբ.): Ռուսական զորքերը ռազմական հանցագործություններ են կատարում: Ռուսաստանը տեղ չունի Մարդու իրավունքների խորհրդում», - ասել է Բայդենը:

Նա նաև նշել է, որ պատմական քվեարկությունից հետո Ռուսաստանը չի կարողանա մասնակցել Մարդու իրավունքների խորհրդի աշխատանքներին և այնտեղ ապատեղեկատվություն տարածել, քանի որ Խորհրդի քննչական հանձնաժողովը հետաքննում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայում մարդու իրավունքների խախտումներն ու խախտումները։

«Նկարները, որոնք մենք տեսնում ենք Բուչայից և Ուկրաինայի այլ շրջաններից, երբ ռուսական զորքերը դուրս են գալիս, սարսափելի են: Նշանները, որ մարդիկ բռնաբարվել են, խոշտանգվել, մահապատժի են ենթարկվել, իսկ որոշ դեպքերում պղծվել են նրանց մարմինները, վիրավորանք են ընդհանուր մարդկության համար: Ռուսաստանի սուտը չի համապատասխանում իրականությանը»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա: