Հունաստանի ընդդիմությունը` ընդդեմ երկրի կառավարությանը

Ընդդիմադիրները հայտարարում են, որ ցուցարարների դեմ քիմիական նյութեր են օգտագործվել

Հունաստանի ընդդիմադիր «Նոր ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ երկրի կառավարությունը քիմիական նյութերով հարձակում է գործել մայրաքաղաք Աթենքի կենտրոնական Սինտագմա հրապարակում հարյուր հազարավոր խաղաղ ցուցարարների դեմ և որ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, հաղորդում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Աթենքում բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվել՝ ընդդեմ Մակեդոնիայի Հանրապետության վերանվանման մասին կնքված համաձայնագրի: Անկարգությունների շրջանակներում մի խումբ մարդիկ փորձել են խորհրդարանի շենք ներխուժել: Ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել, և ամբողջ հրապարակը գազի ամպով է ծածկվել, ինչի հետևանքով տասնյակ հազարավոր ցուցարարներ ստիպված են եղել լքել հրապարակը:
Միցոտակիսն ասել է, որ խորհրդարանում համաձայնագրի կողմնակիցների ստեղծած «արհեստական մեծամասնությունը» «դատարկ թիվ» է միլիոնավոր հույների դեմ, որոնք համաձայն չեն:
Մակեդոնիայի Հանրապետությունը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության անվանափոխելու վերաբերյալ համաձայնագիր էր կնքվել 2018 թվականի հունիսի 17-ին, սակայն հույների մի մասը կարծում է, որ մակեդոնացիներ կարող են կոչվել միայն երկրի հյուսիսային հատվածի պատմական շրջանի բնակիչները, այլ ոչ թե հարևան պետության քաղաքացիները: