Ինչպե՞ս անգլիացիները (Անգլիական Օստ-Ինդիան) հաղթեցին հայ վաճառականներին
Ու եթե չհաղթեին, միգուցե պատմության անիվն այլ ուղղությամբ պտտվեր, ո՞վ իմանա։
Նախապատմություն - Ինչպես գիտենք 1603-1605 թվականներին պարսից շահ Աբբասը Հայաստանից մոտ 300 հազ հայ տեղափոխեց Պարսկաստան, ովքեր էլ այնտեղ հիմնեցին տարբեր բնակավայրեր, այդ թվում հայկական Նոր Ջուղա քաղաքը։ Գաղթականների մեջ բազմաթիվ առևտրական հայեր կային, ովքեր կարճ ժամանակահատվածում առևտրային այնպիսի ցանց են ստեղծում, որը ձգվում էր Լոնդոնից, Կադիս, Ամստերդամից, մինչև Չինաստան, Մոնղոլիա ու Ֆիլիպիններ։ Հայ վաճառականների մի մասն էլ Նոր Ջուղայից տեղափոխվում է Հնդկաստան, այնտեղ հիմնավորվում, ստեղծում կապեր, վստահություն , վայելում մեծ հարգանք տեղի բնակիչների կողմից և արտահանում արդեն հնդկական ապրանքները։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ երկու խոշոր շուկաներից՝ Իրան և Հնդկաստան, արտահանումը դեպի Եվրոպա իրականացվում էր հայերի միջոցով։ Սակայն հեռվում նշմարվում են անգլիացիները։
Հոլանդական Օստ-Իդիան և Անգլիական Օստ-Ինդիան ուժեղ մրցակցության մեջ էին համեմունքների համար, որը վերջին հաշվով հաղթում են հոլանդացիները։ Պատճառն այն էր, որ նրանք ավելի շուտ են զավթում Ինդոնեզիան՝ համեմունքների հայրենիքը, և մի քանի հարյուր տոկոս ավել մարժայով վաճառում էին եվրոպայում։ Անգլիացիների համար ցավոտ էր այս պարտությունը և նրանց նոր ապրանքներ էին պետք, որպեսզի Ասիայից տանեն Եվրոպա և այդ ապրանքները գտնվում են՝ չիթ, թեյ, շաքար։ Իսկ դրանց զգալի մասը Հնդկաստանից արտահանում ու վաճառում էին հայերը։
1615 թվականին Անգլիական Օստ-Ինդիան հեռանկարներ է փնտրում Իրանի հետ, որտեղ էլ առաջին անգամ բախվում են հայ վաճառականների ու անգլիացիների շահերը։ 1619 թվականին Իրանում աճուրդի են հանում իրանական մետաքսի արտահանման իրավունքը դեպի Եվրոպա ու հայերը, միահամուռ և կոլեկտիվ աշխատանքի շնորհիվ կարողանում են դոմինանտ դիրք գրավել և իրենց ձեռքը վերցնել մետաքսի արտահանումը։ Բացի Իրանական ապրանքները, հայերը մեծ դեր ունեին նաև Հնդկաստանի առևտրային կյանքում, մեծ վստահություն էին վայելում, գիտեին լեզուն, գիտեին, թե ինչ ապրանքներն են լավ վաճառվում, որտեղ է ամենաէժան, բայց որակյալ ապրանքը, որտեղից կարելի է արտահանել Եվրոպա և այլն։ Մի ամբողջ 17-րդ դարի կես անգլիացիները մրցակցում էին հայերի հետ ու չէին կարողանում նրանց հաղթել, քանի որ տարածաշրջանին լավ ծանոթ չէին, վերջիններս լավ կապեր ունեին մերձավոր արևելքում, վստահելի էին եվրոպացիների համար։ Ու որքան էլ որ զարմանալի և ուսանելի է, անգլիացները որոշում են ուսումնասիրել մեզ որպես ժողովուրդ։ Ըստ Ջոն Բրյուսի գրքի՝ Annals Of The Honorable East-india Company, հայերը Հնդկաստանում այնպես էին զբաղվում առևտրով, որ անգլիացիները Լոնդոնից պահանջում են տարբեր երիտասարդներ ուղարկել Հնդկաստան, որպեսզի ապրեն հայերի հետ, սովորեն կենցաղին ու հասկանան, թե ինչպես են հայերն առևտուր անում։ (Ես հաճախ եմ ասում, որ մեր հակառակորդները մեզ վաղուց են ուսումնասիրել, գտել մեզ խախտելու կոդը)։
Անգլիացիները ոչ մի կերպ չեն կարողանում հնդիկների հետ կապ հաստատել՝ հնդիկներն անգլիացիներին չէին սիրում, չէին ցանկանում առևտուր անել ու մեծ հարկեր էին սահմանում նրանց համար, իսկ հայերը մեծ հարգանք էին վայելում ու անգլիացիների համար էժան ապրանք գնելու միակ աղբյուրը հայ վաճառականներն էին։ Պատկերացրեք, Հարավ-Արևելյան Ասիայի ու Հնդկաստանի միջև առևտրային նավերից 16-ը հայերինն էին։
Ձախողվելով ուղիղ մրցակցության մեջ՝ անգլիացիներն անցան իրենց բնորոշ "տակից" իրականացվող գործողություններին։ Անգլիացիների նպատակն էր հայերի ձեռքով հասնել դոմինանտ վիճակի և դուրս մղել շուկայից Հոլանդական Օստ Ինդիային, որն այդ տարածաշրջանում՝ Իրան, Հնդկաստան, իշխող դիրք չուներ։ 1688 թվականին անգլիացիները Ջուղայի հայերին առաջարկում են համաձայնագիր, որին մասնակցում էին ընկերության փոխտնօրեն՝ սըր Ջոզիահ Չայլդը, Բենջամին Բարտսը, ֆրանսիացի խորամանկ առևտրական, բայց Օստ-Ինդիան ներկայացնող Ժան Շարդենը և այլն, իսկ մյուս կողմից՝ հայ առևտրական, ով ապրում էր Լոնդոնում, ծնունդով Նոր Ջուղայից էր, բայց մեծ կապեր ուներ Մադրասում, Վենետիկում, Լիվորնոյում, Մարսելում, Սպահանում և այլուր՝ Խոջա Փանոս Գալանդարյանը, Իսրայել Սահրադը և այլն։
Ըստ այդ պայմանագրի, Հնդկաստանի հայերին տրվում էր Անգլիայի քաղաքացիություն, թույլատրվում էր աշխարհի տարբեր երկրներ գնալ Օստ-Ինդիայի նավերով բավականին էժան գներով, բերել ցանկացած ապրանք, ազատ կարող էին ապրել յուրաքանչյուր քաղաքում, կամ էլ բնակավայրում, որտեղ գործում էր Օստ-Ինդիան, վճարեին այնպիսի հարկեր, ինչպիսիք վճարում էին Օստ-Ինդիայի մյուս ներկայացուցիչները, նշվել էին ապրանքները, որոնք հայերին թույլատրվում էին վաճառել, կառուցել եկեղեցի ցանկացած հնդկական քաղաքում, որտեղ ապրում էր 40 և ավելի հայ և այլ առավելություններ։
Ահա այսպիսի մեծ նպատակներ ունեին անգլիացիներն ու այս անգամ էլ հայ վաճառականների ձեռքով իրենց գործերը տանում էին առաջ՝ իհարկե դիմացը տալով բազմաթիվ "պրիվելեգիաներ"։ Սկզբում անգլիացիները հետևում էին իրենց խոստմանն ու ներգրավում էլ ավելի մեծ թվով հայ վաճառականների։ Նրանք հայերին թույլ էին տալիս եկեղեցի կառուցել, քաղաքային իշխանության մեջ ներգրավում էին հայերին, տալիս էին ցանկացած արտոնություն ու օգտվում նրանց ստեղծած անունից։ Անգլիական Օստ-Ինդիան հայերի միջոցով կարողանում էր ձեռք բերել հնդկական ապրանքներն ու մրցակցել Հոլանդական Օստ-Ինդիայի հետ և աստիճանաբար մոնոպոլ դիրք ձեռք բերել մի շարք ապրանքների ուղղությամբ և միևնույն ժամանակ զինվել։ Զինվելու նպատակը մեկն էր՝ գրավել Հնդկաստանը։ Հետաքրքիր է պատմությունը, մեր իսկ ձեռքով գումար էին աշխատում ու զինվում, իսկ մենք երևի քնած էինք, չգիտեմ։
Պայմանագիրն աշխատում է այնքան ժամանակ, մինչև անգլիացիներն ամբողջությամբ գրավում են Հնդկաստանն ու սկսում թալանը։ Եթե կա թալան, էլ ու՞մ է պետք հայերի ծառայությունը։ Թալանի պատճառով հայերը զրկվեցին իրենց կապերից, որովհետև եթե նախկինում հայերի միջոցով էին անգլիացները կապ հաստատում հնդիկների հետ, գնում նրանց ապրանքները, ապա Հնդկաստանը գաղութացնելուց հետո էլ ինչ առևտուր, ուղղակի թալան էր։ Հայերը զրկվում են իրենց գլխավոր "ֆիշկայից" և ընկնում երկրորդ պլան։ Հաստատվելով Հնդկաստանում՝ Օստ-Ինդիան արդեն զորք ուներ և կարող էր հանգիստ ճնշել հնդիկներին և կարիք չուներ հայերի հետ աշխատել՝ այսինքն գնել նրանցից, կամ թույլ տալ, որ հայերն ապրանքները տանեն Եվրոպա և վաճառեն։ Անգլիացիները ոչ միայն մոռացան պայմանագրի մասին, այլ նաև անօրինական ձերբակալում էին հայերին, խլում նրանց ունեցվածքն ու հալածում էին։
Հայերը հարուստ էին, առևտուրն իրենց ձեռքն էր ու բնական է, առաջինը հենց նրանք էին խանգարում անգլիացիներին։ 1746 թվականին անգլիացի ադմիրալ Գրիֆֆին զենքով երկու հայկական նավ է գրավում՝ 1.200.000 ռուպի արժողությամբ ապրանքներով և ուղարկում Անգլիա՝ սնանկացնելով նավերի հայ սեփականատերերին։ Ու սա սկիզբն էր, սկսվում է արդեն հայ վաճառականների նավերի թալանն ու առգրավվումն անգլիացիների կողմից։ Հայերը չունեին այնպիսի լծակներ, որով կկարողանային դիմակայել անգլիացիներին, իսկ այդպիսի լծակը զենքն ու զորքն էր։
!!! Իսկ եթե հայերը պայմանագիր չկնքեին անգլաիցիների հետ։
!!! Իսկ եթե հայերը հնդիկների ու անգլիացիների միջև միջնորդ չդառնային։
!!! Իսկ եթե հայերը բացի առևտուրը նաև բանակ ունենային, կամ էլ թնդանոթներով զինված գոնե մի 10 հատ նավ։
Հարցեր են, որոնց պատասխանը չգիտեմ։ Այսպիսով հայերի երբեմնի հզորությունը մարում է ու հարց է ծագում, թե ինչու հայկական կապիտալը ժամանակին չուղղվեց զենքի գնմանն ու զորքի ստեղծմանը, այլ ուղղակի թալանվեց։
Վահագն Դիլբարյանի էջից
0Comments