Հեղինակավոր «Ալ Ջազիրա» լրատվամիջոցն անդրադարձել է Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի սկզբում Հալեպից Երևան տեղափոխված 31-ամյա ոսկերիչ Վահե Հովհաննիսյանի կյանքի պատմությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ակնարկի հեղինակը նշում է, որ Վահեն մեկն է տասնյակ հազարավոր քրիստոնյա հայերից, ովքեր պատերազմի հետևանքով Սիրիայից տեղափոխվել են Հայաստան` փախստականի կարգավիճակով:
«Երկու տարի առաջ Վահեն ապրում էր Հալեպում և աշխատանքի գնալու ճանապարհին խուսափում էր դիպուկահարների կրակոցներից»,- գրում է հեղինակը, իսկ Վահեն նշում է, որ աշխատանքի ճանապարհին գիտեր, որ չպետք է թեքվի դեպի աջ:
«Ես պետք է միշտ գնայի դեպի ձախ, այլապես ինձ կարող էին սպանել: Մեր բնակավայրում ոչ մեծ մի տարածք կար, որը ես պետք է անցնեի, որպեսզի հասնեի աշխատավայր: Ես գիտեի, որ այնտեղ դիպուկահար կա, և այնպես էի վազում, որ նա չկարողանար ինձ կրակել: Ամեն օր ես ստիպված էի լինում վազել»,- պատմում է Վահեն:
2016 թ. Հովհաննիսյանի տան դիմաց հրթիռ է պայթել:
«Հրթիռն ընկավ ուղիղ մեր տան դիմաց: Անիմաստ էր փախչելը կամ թաքնվելը: Մեր տունը գետնին հավասարեցրեց, հենց այդ ժամանակ հասկացա, որ պետք է թողնեմ Հալեպը»,- նշում է ոսկերիչը:
Վահեն բնակարանում ապրում է եղբոր և ծնողների հետ: Նրա ծնողները` Անդրանիկ Հովհաննիսյանն ու Վերջինե Խաչատուրյանը 1946 թ. Թուրքիայի հարավ-արևելքից տեղափոխվել են Հալեպ, որտեղ ապրել են 70 տարի:
Մինչև սիրիական հակամարտությունը ոչ Վահեն, ոչ էլ նրա ծնողները Հայաստանում չեն եղել: Վահեի խոսքով` փախստականի կարգավիճակով Հայաստան գալը շլացուցիչ էր:
«Երևանում իմ առաջին օրերը բավական բարդ էին: Թեև ես հայերեն գիտեի, բայց չէի կարողանում հասկանալ մարդկանց, երբ խոսում էին ինձ հետ: Նրանք շատ ռուսերեն բառեր են օգտագործում խոսքում, ես երբևէ որևէ ռուսերեն բառ չեմ լսել»,- ասում է Վահեն:
Ոսկերիչ Վահե Հովհաննիսյանն իր եղբոր` Զարեհի հետ այժմ օրվա մեջ շուրջ 12 ժամ աշխատում է Երևանում գտնվող ոսկերչական տաղավարներից մեկում:
0Comments