«Խաշ. ճաշատեսակ, որը բուժում է». ՌԻԱ Նովոստի-ն ներկայացրել է հայկական խաշի բաղադրատոմսը

Մանրամասներ

ա

Ռուսական ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը «Ճաշատեսակ, որը բուժում է. օգտակար բաղադրատոմսեր ամբողջ աշխարհից» խորագրով իր հոդվածում ներկայացրել է հայկական խաշի բաղադրատոմսը՝ ներառելով այն առողջության համար հինգ ամենաօգտակար կերակրատեսակների ցանկում: Լուրը փոխանցում է news.am-ը:

Խաշի օգտակար հատկությունների մասին պատմել է Մոսկվայում հայկական խոհանոցը ներկայացնող ռեստորանի շեֆ խոհարար Սերգեյ Նավասարտովը՝ մանրամասն ներկայացնելով հայկական հանրահայտ ճաշատեսակի պատրաստման ձեւը:

Օգտակար ուտելիքը, բնավ, չպետք է լինի անհամ եւ միօրինակ: Կարելի է կազմել միջազգային առողջ եւ համեղ ճաշացանկ, եւ դա միանշանակ ձանձրալի չի լինի, գրում է ՌԻԱ Նովոստի-ն: Դուք, օրինակ, չե՞ք մտածել, թե ինչու են Հյուսիսի բնակիչները ավելի հազվադեպ հիվանդանում հարբուխով, Կովկասի ժողովուրդներն ավելի երկարակյաց են, իսկ ասիացիներն ավելի քիչ են տառապում ճարպակալմամբ:

Խաշը հայկական հնագույն ճաշատեսակներից մեկն է: Պատրաստվում է ամբողջ Կովկասում ու Անդրկովկասում, սակայն դրա հայրենիքը, ինչպես նաեւ անհավանական օգտակար հատկություններն անվիճելի են. դա ընդունված փաստ է:

Բնական կոլագենը, որը պարունակվում է խաշում, ամրապնդում է ոսկորները, օգնում կոտրվածքների եւ ջղաձգումների դեպքում: Դրանում կա նաեւ մեծաքանակ կալցիում ու ֆոսֆոր: Փրկում է հարբուխից. եթե հիվանդացել եք, այն պետք է ուտել՝ գլուխը ծածկելով սրբիչով եւ ներքաշելով բույրը: Հիանալի կերակրատեսակ է, որը տալիս է ուժ ու էներգիա ամբողջ օրվա համար, ասվում է հրապարակման մեջ:

Ամենաօգտակար ճաշատեսակների շրջանում նաեւ նշվել է մերձարեւելյան մածուկը, որը պատրաստվում է խորոված պղպեղից ու հունական ընկույզով եւ համեմունքներով, եւ կոչվում է մուհամար, տապակած տոֆուն քիմչի ծնեբեկով, չոր ուխան եւ հունական ընկույզի մուրաբան: