Ֆրանսիայում, ծովի ջրի մակարդակի եւ ավազի շարժման շնորհիվ, ծովի հատակից ջրի երես են դուրս լողացել UC-61 գերմանական սուզանավի բեկորները, որը նստել էր ծանծաղուտում՝ Վիսանի առափնյակում, 1917թ. հուլիսին, հայտնում է RG-ը:
Ինչպես հաղորդել է Live Science-ը, խոսքը Գերմանիային պատկանող սուզանավի մասին է: Ավելի քան 100 տարի առաջ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական անձնակազմը պատահաբար խրել է այն Ֆրանսիայի հյուսիսում՝ Վիսսան կոմունայի ափերի մոտ, որը գտնվում է Կալե քաղաքից ոչ հեռու:
Սուզանավի անձնակազմը բաղկացած է եղել 26 հոգուց: Նրանք չեն դիմադրել եւ գերի են ընկել: Հաղորդվում է, որ սուզանավը լիովին նստել է ավազե հատակին՝ 1930-ականներին: Սակայն հատակին «ավազաբլուրի» շարժը հանգեցրել է նրան, որ մեկ դար անց նավը «դուրս է պրծել»: Նախատեսվում է այն վերածել զբոսաշրջիկների համար տեսարժան վայրի:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական սուզանավերը խորտակել են դաշնակիցների հարյուրավոր նավեր: Ենթադրվում է, որ UC-61- ի անձնակազմն առնվազն 11 նավ է ջրի հատակն ուղարկել՝ ականների եւ տորպեդների միջոցով։ Իր վերջին առաքելության ընթացքում UC-61-ը լքել է Բելգիայում Զեբրյուգտե նավահանգիստը: Խնդիրն ականների տեղադրումն է եղել ֆրանսիական Բուլոն-Սյուր-Մեր եւ Լե Հավր քաղաքների ափերի մոտ: Այնուամենայնիվ, առաջադրանքը կատարել չի հաջողվել:
Հասկանալով, որ նավը ծանծաղուտում նստեց, անձնակազմը խորտակել է այն, ինչից հետո նետել է սպիտակ դրոշը եւ հանձնվել ֆրանսիացիներին:
0Comments