ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանն այս պահին չպետք է գտնվեր կալանքի տակ, քանի որ այս հարցով իրենք դիմել են Վճռաբեկ դատարան, և պարզ չէ, թե Վճռաբեկն այդ հարցին երբ լուծում կտա։
«Այսպես ասած, սա մի միջանկյալ միջոց է մեր կողմից, դիմեցինք Առաջին ատյանի դատարան, որ առայժմ գրավ կիրառվի, մինչև մնացած հարցերը Վճռաբեկ դատարանում իրենց լուծումը կստանան։ Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարան դիմելուն, ապա պետք է ասեմ, որ այնտեղ դիմում են, եթե կարծում են, որ օրենքը հակասում է Սահմանադրությանը, այն օրենքը, որը կիրառվել է անձի նկատմամբ, և բոլոր մյուս միջոցներն արդեն սպառվել են»,- ասաց Հայկ Ալումյանը։
Փաստաբանի կարծիքովՎճռաբեկ դատարանը չպետք է վարույթ ընդուներ ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը։
«Վճռաբեկ դատարանը կիրառել էր Քրեական դատավարության օրենսգրքի 414.2 հոդվածի առաջին մասը։ Այնտեղ այսպես է բացատրում, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու երկու հիմք կա, երկուսն էլ այս դեպքում կիրառելի չէին։ Առաջին հիմքն այն է, որ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվում, եթե օրենքի միատեսակ կիրառության խնդիր կա, այսինքն՝ Վճռաբեկ դատարանը պետք է որոշում կայացնի, որով օրենքի բազմատեսակ մեկնաբանություններին վերջ տա և սահմանի, որ տվյալ օրենքն այսուհետ պետք է այդպես կիրառվի։ Խոսքը վերաբերում էր Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության խնդրին, բայց այն սահմանված չէ օրենքով։ Վարույթ ընդունելու երկրորդ հիմքը լինում է այն դեպքում, երբ կա մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտում»,- նշեց նա։
Նշենք, որ այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը:
0Comments