Հարկային օրենսդրությունը չէ, որ լուծում է բիզնեսի զարգացման բոլոր խնդիրները: Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի ղեկավար Հակոբ Ավագյանը` մեկնաբանելով նոյեմբերի 14–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Հարկային օրենսգրքի մասին։
ԱԺ–ում խոսելով համակարգային խնդիրների մասին` Փաշինյանը դրանց շարքում նշել էր նաև Հարկային օրենսգիրքը` նշելով, որ այն, ինչ հիմա ունենք, ապապետական է, որովհետև չի խրախուսում զարգացումը, ավելի շատ փող աշխատելը։ ՀՀ վարչապետը համոզված է, որ նհրաժեշտ է Հարկային նոր օրենսգիրք, որը կհամապատասխանի ՀՀ պետական շահերին:
ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի ղեկավարը ձեռնպահ մնաց Հարկային օրենսգրքին տրված որակումները մեկնաբանելուց, փոխարենը նշեց, որ բազմաթիվ այլ խնդիրներ կան, որոնք ՓՄՁ–ի զարգացմանը ավելի շատ են խոչընդոտում, քան Հարկային օրենսգիրքը։
«Օրինակ` սկսնակ բիզնեսներին աջակցության ծրագրեր չկան։ Որոշակի լիզինգային և այլ գործիքներ կան, որոնցով աջակցում կամ խրախուսում են, բայց դրանք բանկային գործիքներ են։ Այսինքն` այդ գործիքներն ավելի շատ օգնում են բանկերին, որովհետև վարկեր ու լիզինգներ են տրամադրվում պետական երաշխիքներով։ Իհարկե, սուբսիդավորվում են հաստոցները, մեխանիզմների արդիականացումը, բայց զուգահեռ ուժեղացվում է բանկային ոլորտը։ Եվ վերջին տարիներին այդ մասին խոսում են նաև թվերը, որ մեր երկրում ամենաշատը գերշահույթ են գեներացնում բանկերը։ Հիմա սա հակապետական է, թե հակապետական չէ` ընդհանուր պատկերում պետք է դիտենք»,– ասում է Ավագյանը։
Մեր զրուցակիցը նշում է նաև, որ այսօր թե՛ սկսնակ, ու թե՛ կայացած գործարարների լրջագույն խնդիրներից է նաև այն, որ իրենք տեղյակ չեն, թե իշխանությունը տնտեսության զարգացման ինչ մոդելով է առաջնորդվում։ Նրա գնահատմամբ` չկա միասնական քաղաքականություն, տարբեր ճյուղերին վերաբերող ռազմավարություններն էլ կա՛մ չեն կատարվել, կա՛մ կատարվել են մասամբ։
Հարկային օրենսգրքում կառավարության առաջարկած փոփոխությունների փաթեթն արդեն իսկ առաջացրել է շահառուների դժգոհությունը։ Խոսքը մի շարք մասնագիտական աշխատանքների կատարումն ու ծառայությունների մատուցումը հատուկ` միկրոձեռնարկատիրության համակարգից և շրջանառության հարկման համակարգից հարկման ընդհանուր` ավելացված արժեքի համակարգ տեղափոխելու օրենսդրական նախաձեռնության մասին է։
Նախագիծն այժմ խորհրդարանում է, ընդունման դեպքում այն ուժի մեջ կմտնի 2025թ–ի հուլիսի 1-ից։ Հարկային փոփոխությունների արդյունքում իրավաբանական, հաշվապահական, կառավարման հարցերով խորհրդատվության, շենքերի մասնագիտացված շինարարության, անշարժ գույքի հետ կապված գործառնությունների, ճարտարապետական և ճարտարագիտական գործունեության, տեխնիկական փորձարկումների, գովազդային գործունեության, շուկայի իրավիճակի հետազոտության, ժամանակավոր աշխատուժով ապահովելու գործունեություն իրականացնող տնտեսվարողների հարկային պարտավորությունները կարող են թանկանալ մինչև 50 տոկոսի չափով, ինչն իր հերթին կհանգեցնի նշված ծառայությունների գների բարձրացման։
Նախագիծը, մասնագետների գնահատմամբ, բացասաբար կազդի նաև փոքր կլինիկաների ու ատամնաբուժարանների վրա, որոնք ևս կտեղափոխվեն հարկման ընդհանուր դաշտ։
Հակոբ Ավագյանը չի կասկածում, որ նախագիծը կընդունվի ԱԺ մեծամասնության կողմից` չբացառելով, որ դրանում հնարավոր է` ընթացիկ որոշ աննշան փոփոխություններ արվեն։ Արդյունքում բիզնեսը բախվելու է լուրջ խնդիրների հետ։
«Այսինքն` ներդրվելու է մի կանոն, որին մենք մարդկային ու որակական ռեսուրսներով այսօր պատրաստ չենք։ Երկրորդն անկրելի հարկային բեռն է։ Այսինքն` նրանք, ովքեր պատրաստ են, կանգնելու են գների բարձրացման առաջ, որը շղթայական էֆեկտով բոլորի համար առաջացնելու է դժվարություններ ու դժգոհություններ, որի արդյունքները պատասխանատուները կտեսնեն երևի ուժի մեջ մտնելուց մոտ 6 ամիս հետո»,– կանխատեսում հայտնեց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի ղեկավարը։
Հակոբ Ավագյանը նկատում է, որ հարկային փոփոխություններին վերաբերող որևէ օրենսդրական նախաձեռնություն, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի ղեկավարի խոսքով, կառավարությունը չի ուղեկցում ազդեցության գնահատման փաստաթղթով, այնինչ դա ոչ միայն գործող օրենսդրության, այլև այս կառավարության հաստատած պահանջ է։
Նրա խոսքով` նախագծերը ուղեկցվում են միայն հիմնավորումներով, թե տվյալ նախագծի ընդունման արդյունքում որքանով կավելանան պետության եկամուտները։ Իսկ թե ինչպես դա կազդի օրենքի շահառուների` փոքր ու միջին բիզնեսի վրա, կառավարությունը երբևէ չի վերլուծում։
0Comments