Մեր պետության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ. Մուսինյան

Մանրամասներ
լևոն տեր-պետրոսյան

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին իրֆեյսբուքյան էջում գրել է առաջին նախագահի  մամուլի խոսնակ Արման Մուսինյանը՝ պատասխանելով ՆԻկոլ Փաշինյանի՝ նախկին նախագահների հետ Արցախյան բանակցությունների թեմայով բանավիճելու առաջարկին:

«Արդյունքում, վստահ եմ՝ բանավեճի երկու կողմն էլ արդարացիորեն կհիմնավորի դիմացինի ստախոս լինելը:  Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյան vs Նիկոլ Փաշինյան բանավեճը չափազանց օգտակար կլինի ոչ միայն Ղարաբաղյան հարցի շուրջ, այլև հասարակությանը հուզող ցանկացած այլ թեմայով. Ամուլսար, բանկերի մենատիրություն, ԲՈՒՀ-երի կառավարման կուսակցականացում, դեսպանների նշանակման քաղաքականացում, պետական/քաղաքական պաշտոնյաների կողմից իրականացվող հովանավորչություն և տարատեսակ տենդերների միջոցով պետական բյուջեի մսխում, պադավատապետություն, դատական համակարգի անկախության ոչնչացում և sms-ով դատական բարձրագույն պաշտոնյաների ազատում, քաղաքական հակառակորդների դեմ իրավապահ մարմիններին որպես մահակ գործածում և այլն:

Արդյունքը կրկին նույնն է լինելու»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Փաշինյանը իր էջում գրել էր.  «1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»: Ավելի ուշ նա նախկին նախագահներին հրավիրել էր բանավիճելու արցախյան բանակցությունների թեմայով: