Աղազարյանի հեռախոսը թվային խուզարկության է ենթարկվել. վերականգնվել են նաև ջնջված նամակագրությունները․ «Ազատություն»

Մանրամասներ
քպ

ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանը բողոքարկել է Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի որոշումը՝ պահանջելով գլխավոր դատախազից քրեական վարույթ նախաձեռնել պատգամավորի նամակագրության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ։

Հակոբ Ճարոյանը «Ազատության»-ը հայտնել է՝    քննությամբ պետք է պարզվի՝ ինչպե՞ս Հովիկ Աղազարյանի հեռախոսի բովանդակությունը հայտնվեց վարչապետի, հետո էլ արդեն՝ ՔՊ-ականների սեղանին։

Փաստաբանի փոխանցմամբ՝ պատգամավոր Աղազարյանի հեռախոսի բովանդակությունը դատարանի որոշմամբ դուրս է բերվել Հակակոռուպցիոն կոմիտեում՝ հատուկ սարքի միջոցով իրականացված թվային խուզարկության ընթացքում։ Ընդ որում, այդ սարքը հնարավորություն է տալիս վերականգնել ոչ միայն հեռախոսում առկա տեղեկատվությունը, այլև ժամանակին ջնջված հաղորդագրությունները:

Հակակոռուպցիոն կոմիտեում պատգամավորի հեռախոսը թվային խուզարկության է ենթարկվել երկու անգամ, առաջինը՝ նոյեմբերի 23-ին՝ պատգամավորի և փաստաբանի ներկայությամբ, մյուսը՝ նոյեմբերի 29-ին՝ վերջիններիս բացակայությամբ։

«Նոյեմբերի 29-ին նորից է մեզ կանչում, ասում է՝ «մենք ստացել ենք նոր վերծանող ծրագիր, որի միջոցով ավելի մանրամասն պետք է մենք իրականացնենք թվային խուզարկություն», - ասել է փաստաբանը։

Հովիկ Աղազարյանի հեռախոսի թվային խուզարկությունից հետո արդեն՝ դեկտեմբերի 3-ին, «Քաղաքացիական պայմանագիր»-ը հայտարարություն տարածեց, թե Աղազարյանին հեռացրել են կուսակցությունից՝ պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։

Ինչպե՞ս Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի վերծանած տեղեկությունները հասան ՔՊ վարչություն, հարցնում է փաստաբանը. - «Քննիչը ասում է, որ «ես որևէ հանցավոր արարք չեմ կատարել, ոչ մեկին չեմ տրամադրել», Ազգային անվտանգությունն էլ ասում էր՝ ձեր հարցերը ուղղեք քննիչին»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։