Արցախին օգնություն տեղափոխող ՌԴ ԱԻՆ-ի առաջին օդանավը վայրէջք է կատարել Երևանում

Մասնագետներից կազմված օպերատիվ խումբը տեղում կգնահատի իրավիճակը և կհամակարգի քաղաքացիական բնակչությանն անհրաժեշտ հումանիտար օգնություն տրամադրելուն ուղղված հետագա քայլերը

ՌԴ ԱԻՆ-ի՝ հատուկ տեխնիկա տեղափոխող ինքնաթիռը, որը կիրակի օդ էր բարձրացել «Ժուկովսկի» մերձմոսկովյան օդանավակայանից, վայրէջք է կատարել Երևանում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:

ՌԴ ԱԻՆ-ի Իլ-76 օդանավը վայրէջք է կատարել Երևանի ժամանակով 19:00-ի սահմաններում: Օդանավը տեղափոխել է 30 մարդուց կազված օպերատիվ խմբին և տեխնիկա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևը, կենտրոնական ապարատի մասնագետներից կազմված օպերատիվ խումբը տեղում կգնահատի իրավիճակը և կհամակարգի քաղաքացիական բնակչությանն անհրաժեշտ հումանիտար օգնություն տրամադրելուն ուղղված հետագա քայլերը:

Ավելի վաղ հաղորդվում էր Ստեփանակերտում հումանիտար հարցերով արձագանքման միջգերատեսչական կենտրոնի կազմավորման մասին: Առաջիկայում կենտրոնի կազմը կհամալրեն ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության ուժերն ու տեխնիկան: