Ուշացնելը մերժել չէ. Օրվա խորհուրդը

Ամեն ինչի մեջ տեսեք Իմ Ներկայությունը, ընդունեք ու սիրեք այն բոլոր ձևերը, որոնցով Ես վարվում եմ ձեզ հետ
հավատ

Հիսուս

Մայիսի 1

Բնության Օրենքներից սովորեք այն դասը, ուր իմացվում է, որ Աստծո ներգործության ու հսկումի տակ է ողջ Բնությունը:

Բնությունը Հավիտենական մտածումի արտահայտությունն է ժամանակի մեջ: Սիրեք տեսանելի աշխարհը, ընկալեք Հավիտենական Մտածումը, և երբ կարողանաք կարդալ Մտածումները Երկնավոր Հոր, այդժամ դուք իսկապես կճանաչեք ՆՐԱՆ:

Ամեն ինչի մեջ տեսեք Իմ Ներկայությունը: Ընդունեք ու սիրեք այն բոլոր ձևերը, որոնցով Ես վարվում եմ ձեզ հետ: Միշտ իմացեք, որ ամեն ինչ կարգին է, իսկ ուշացնելը այլ բան չէ, քան ձեր Երկնավոր Հոր սիրազեղ զսպումը, որովհետև այդ ոչ մերժում է, ոչ էլ՝ չկամություն, այլ՝ Աստվածային Վերաբերմունքը Մի Հոր, որ հազիվ է դիմանում ուշացնելուն:

Ուշացում պետք է լինի երբեմն: Ձեր կյանքը այնքան սերտորեն է կապված ուրիշների հետ, կյանքի պարագաները այնքան սերտ առնչություններ ունեն, որ եթե ձեր ցանկությունները անմիջապես կատարվեն, շատ դեպքում այդ կարող է պատճառ լինել, որ այլոց՝ ոչ պակաս թախանձագին աղոթքները անպատասխան մնան:

Բայց մի պահ մտածեք այն սիրալիր ու հոգատար Խորհրդածության մասին, որ աշխատում է ներդաշնակել ու համաձայնեցնել ձեր բոլոր ցանկությունները, ձգտումներն ու աղոթքները:

Ուրեմն ուշացնելը մերժում չէ, ոչ էլ անուշադրության մատնել է նշանակում, այլ այն առիթ է Աստծո համար՝ լուծելու ձեր խնդիրները և կատարելու ձեր բաղձանքները՝ ձեզ համար հնարավոր ամենալավ կերպով:

Իմ զավակներ, վստահեք Ինձ: Հիշեք, որ ձեր Արարիչը նաև ձեր ծառան է. արագ՝ հասցնելու, արագ՝ կատարելու և հավատարիմ՝ իրագործելու մեջ: Այո, ամեն ինչ կարգին է: