Սուրբ Պետրոս առաքյալն ասում է, որ Երկնավոր Հայրը կամենում է, որ սուրբ լինենք, ինչպես գրված է. «Սուրբ եղեք, որովհետև սուրբ եմ ես» (Ա Պետր. 1:16): Այս պատգամը կատարելու համար մենք՝ որպես անկատար երկրային արարածներ, հաճախ ենք փորձում ջանքեր չխնայել և կառավարել ինքներս մեզ: Չէ՞ որ միայն ժուժկալությամբ և ինքդ քո հանդեպ սահմանած հսկողությամբ է, որ կարող ենք հասնել կամ գոնե մոտենալ աստածայինին՝ կատարյալին:
Սուրբ Բարսեղ Կեսարացին էլ մեզ՝ քրիստոնյաներիս հորդորում է. «Հսկի՛ր քեզ, որպեսզի չկորցնես ճանապարհը, չշեղվես աջ կամ ձախ»: Ինքնահսկումը միակ ճանապարհն է, որով հնարավոր է քայլել՝ առանց սխալներ թույլ տալու: Աստծո հանդեպ ունեցած մեծ սերն է, որ մեզ առաջնորդում է ճիշտ ուղով՝ դարձնելով սեփական գործերը հսկողներ: Եվ խոսքը բնավ ինքնախարազանման, անտեղի սեփական անձը ցածրացնելու մասին չէ, այլ միայն առողջ ինքնահսկման:
Տասը պատվիրաններն էլ, այո՛, թեև Տիրոջից են, սակայն կրկին ունեն առողջ ինքնահսկման միտումը: Չլինի, թե գործեմ ոչ աստվածահաճո մի արարք, չլինի, թե անարգեմ այն, ինչ տրված է Բարձրյալից:
Ինքնահսկումը, սակայն, բնավ սարսափի ու ահի մթնոլորտում չի իրագործվում, ինչպես պատկերացնում են շատերը: Մենք հսկում ենք ինքներս մեզ, մեր արարքներն ու մտքերը ոչ թե այն պատճառով, որ վախենում ենք Տիրոջից, այլ այն պատճառով, որ անսահման սիրում ենք Նրան և կամենում ենք մշտապես արժանանալ Նրա սիրուն ու ողորմածությանը:
Աստված ոչ թե մեզ սպառնալով է տանում դեպի բարի գործերը, այլ անսահման սիրով ու հայրական հոգատարությամբ: Զուր չէ ասված Սաղմոսների Գրքում, թե «Տերն Իմ լույսն է ու կյանքը, ումի՞ց վախենամ» (Սաղմ. 26:1) և նաև «Եթե իմ դեմ ճակատամարտի ելնեն, միևնույն է, Տե՛ր, հույսս քեզ վրա եմ դնելու» (Սաղմ. 26:3): Մեր հույսը մշտապես Տիրոջ վրա է, ոչ թե մեր արարքներն են կախված Նրա հանդեպ վախից: Եվ ինչպես մեր ծնողին ենք սիրում, վստահում և ցանկանում հաճելի դառնալ, նույնպես և պիտի փորձենք լինել Աստծու հանդեպ: Ուրեմն՝ ինքդ քեզ հսկելու ուղին միայն ու միայն սիրով է, ոչ թե վախով:
Կեսարացին նաև պատվիրում է. «Քննիր ինքդ քեզ»: Մեր սեփական անձը քննելով ու ճանաչելով միայն կարող ենք տեսնել մեր բացթողումները, սխալները, մաքրել ու աստվածահաճո դարձնել մեր մտքերը: Ուստի՝ մի պահ դառնալով դեպի մեր սիրտտ՝ մտածենք նաև այս երևույթի մասին: Ո՞ւր է մեզ հասցրել մեր ինքնահսկումը կամ դրա պակաս, դեպի ո՞ւր ենք գնում հիմա մեր հոգևոր ընթացքով, և իրականում ո՞ւր կուզենայինք գնալ:
qahana.am
0Comments