Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր պաշտոնանկության մասին լուրերին՝ համարելով դրանք հերյուրանք:
Դիտարկմանը՝ նշվում է, թե ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանից հետո ինքն է լինելու հաջորդը, Բադասյանն ասաց. «Այդ միֆը ստեղծել են որոշ ուժեր: Ես չեմ ուզում հիմա իմ ասածը որևէ ՀԿ կամ ՀԿ-ի աշխատակցի հասցեին քննադատություն ընդունվի, եթե ես հիմա ասեմ իրենց՝ սորոսկանն ով է։ Խնդրում եմ, այնպես չընկալել, որ ես այդ ՀԿ-ին եմ վիրավորում. բոլոր այն տականքները, որոնք այդ տեղեկությունները տարածել են, որոնք մի փաստ մինչ այսօր չեն հրապարակել, որ ես որևէ ՀԿ-ի հետ կապ եմ ունեցել կամ որևէ դեպքում դրամաշնորհ եմ ստացել կամ դրամաշնորհ ստացածի հետ եմ որևէ կապ ունեցել: Այսինքն՝ մեկ փաստ չկարողացան մինչև այսօր հրապարակել, և ստեղծեցին այն միֆը, որը նաև օտարերկրյա լրատվամիջոցները վերցրեցին ու սկսեցին շարունակել: Հենց այդ մարդիկ, կարծում եմ, հասարակությանը պետք է շատ լուրջ պատասխան տան, խնդիր են ունենալու, որովհետև իրենց ստեղծած միֆը օգտագործեցին թշնամական ուժերը, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահը»:
Հարցին՝ ռուսական կողմից իր պաշտոնանկության պահանջը չկա՞, Բադասյանն ասաց, որ ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է, Ռուսաստանի հետ բացառապես ռազմավարական և դաշնակցային հարաբերություններ ունենք: «Խնդրում եմ՝ այդ սադրանքներին չտրվել, իմ պաշտոնանկության մասին լուրերը հերյուրանքներ են»:
0Comments