Փաշինյանի վերջին հայտարարությունները կրկնում են թուրքական ժխտողական խոսույթը. Լեմկինի ինստիտուտ

Մանրամասներ
քպ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աջակցում է Հայոց ցեղասպանության ժխտման թուրքական և ադրբեջանական նարատիվներին, ասվում է Լեմկինի անվան Ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտի հայտարարության մեջ:

Նշվում է, որ Հայոց Ցեղասպանության մասին Փաշինյանի վերջին հայտարարությունները կրկնում են թուրքական ժխտողական խոսույթը։

Ավելի վաղ Ցյուրիխում Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու է դա տեղի ունեցել և ինչպես է այդ ամենն ընկալվել, ինչու Հայոց ցեղասպանության հարցը 1939 թվականին չի եղել օրակարգում, իսկ 1950 թվականին հայտնվել է։

«Նրա անիմաստ հայտարարություններն անտեսում են թուրք, գերմանացի, բրիտանացի, ամերիկացի և հայ գիտնականների՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տասնամյակների պատմական հետազոտությունները, խոչընդոտում են Հայոց ցեղասպանության զոհերի համար արդարության հասնելու շարունակվող պայքարին և վտանգավոր աշխարհաքաղաքական դինամիկա են ստեղծում, հատկապես Ադրբեջանի կողմից արցախահայերի ցեղասպանության և Հայաստանի Հանրապետությանը նկատմամբ շարունակական սպառնալիքների համատեքստում»,-ասվում է հայտարարության մեջ։

Ինստիտուտում հույս են հայտնել, որ ՀՀ վարչապետը կհստակեցնի Ցեղասպանության մասին իր խոսքերը և կաշխատի ապագայում բացառել ցանկացած նմանություն իր և Հայոց ցեղասպանությունը ժխտողների հայտարարությունների միջև:

«Այս հայտարարության մեջ մեզ հատկապես զարմացրեց Ցեղասպանությունը հերթական անգամ անուղղակիորեն արդարացնելու վարչապետի փորձը (մասնավորապես՝ բարձրացնելով «ինչո՞ւ դա տեղի ունեցավ» հարցը), և այն, որ նա փորձեց հայերին համոզել կասկածել իրենց մի քանի սերնդի հիշողությանը, կյանքի փորձին, պատմական հետազոտություններին և թեմայի նկատմամբ զգայունությանը («ինչ է տեղի ունեցել, ինչպես ենք մենք դա ընկալել և ում միջոցով ենք դա ընկալել»): Կասկածի տակ դնելով Ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվությունը, ինչպես նաև նրա կարգավիճակն ու կարևորությունը՝ Փաշինյանը կրկին աջակցում է թուրքական և ադրբեջանական ժխտողական խոսույթներին»,-ասվում է տեքստում։

Նրանց կարծիքով՝ սա վտանգավոր գամբիտ է, քանի որ այն Հայաստանի հարևաններին դրդում է ՀՀ-ի դեմ նոր գործողությունների։ Սա էլ ավելի է բարդացնում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները՝ արդարության հասնել այն ցեղասպանության համար, որը նրանք նոր են վերապրել։

Սա նաև ճանապարհ է բացում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հայերի դեմ ապագա ցեղասպանության համար՝ ջնջելով անցյալի վայրագությունների պատասխանատվությունը և կանխարգելիչ արդարացում առաջարկելով։

Հայտարարության ամբողջական անգլերեն տեքստը՝ այստեղ: