«Նիկո՛լ, եղբա՛յր ջան, սա, մեղմ ասած, խայտառակություն է». Նորայր Նորիկյան

Այսօրվա քեզ «Չեստ» տվողներից և «Շե՛ֆ, ամեն ինչ լավ է» ասողներից շատերը, ինձանից լավ գիտես, թե որտեղ կլինեն…


Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սաբոտաժն աստիճանաբար դառնում է Նիկոլի իշխանության թիվ մեկ թշնամին:
Անգամ եթե աշխատավարձի, լրավճարի և պարգևատրման հանրագումարը ՊԵԿ համակարգում 2018թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամսվա կտրվածքով կազմել է 9 միլիոն ՀՀ դրամ, այսպիսի իրականության պայմանններում դժվար կլինի ընդամենը 30000 ՀՀ դրամ ստացող թոշակառուին բացատրել, որ իր ապրած երկրում կան պաշտոնյաներ, ովքեր մեկ կամ երկու ամսվա ընթացքում ստանում են իր 25 տարվա թոշակի չափ գումար:

Նիկո՛լ, եղբա՛յր ջան, սա, մեղմ ասած, խայտառակություն է:

Այլ տարբերակ չկա քեզ տեղեկացնելու, բայց գնալով համոզվում եմ, որ պետական համակարգում անձամբ քո նկատմամբ իրականացվում է սաբոտաժ:

Հասկանում եմ, որ պետական համակարգի աշխատակիցների աշխատավարձերի խնդիր ունենք, նրանց պարգևատրման խնդիր ունենք, բայց պարգևավճարների այս շքերթի արձագանքներից պետք է հետևություն անել և շատ արագ:

Բացի այդ, ժամանա՛կ գտիր և ուշադի՛ր վերլուծիր իրավապահ համակարգի աշխատանքներն ու դրանց վերաբերյալ հայտնի գործերով շահագրգիռ անձանց դիրքորոշումներն ու գնահատականները:

Կասկած չունենա՛ս, որ գեներալ Մանվելի, Մարտի 1-ի, Ռոբերտ Քոչարյանի գործերի ընթացիկ ՛՛պռավալների՛՛ և առհասարակ, հասարակական հնչեղություն ունեցող բոլոր գործերի համար վաղը քեզանից են պատասխան պահանջելու, միայն քեզանից: Իսկ այսօրվա քեզ ՛՛Չեստ՛՛ տվողներից և ՛՛Շե՛ֆ, ամեն ինչ լավ է՛՛ ասողներից շատերը, ինձանից լավ գիտես, թե որտեղ կլինեն…

Շատ արագ է պետք վերացնել այս սաբոտաժը:

Եղբա՛յր, Դու երկար ժամանակ չունես…»: