Հունվարի 24
Աղոթում ես հավատքի համա՞ր և ճիշտ ես անում, որովհետև հանձնարարվեց այդպես անել: Ես Իմ Օթևաններում տեղեր ունեմ՝ նախատեսված նաև նրանց համար, ովքեր թեպետ Ինձ են դարձել, սակայն ունեն թույլ ծնկներ և նվաղած սրտեր: Մի վախենա. Ես քո Աստվածն եմ: Քո Մեծ Վարձքը: Քեզ մնում է միայն վեր նայել ու ասել. «Ամեն ինչ լավ է»:
Ես եմ քո Աստվածը: Մի ցանկանա տեսնել քո առջև ընկած ճանապարհի վերջը: Դու քայլիր քո առջև եղած տեսանելի ճամփով: Շատ քիչ է պատահում, որ ողջ ճանապարհը տեսնելու շնորհ տամ Իմ աշակերտներին, հատկապես անձնական գործերի մեջ, որովհետև միայն առջևը տեսնելն ու քայլելն է Հավատը կատարելագործելու լավագույն եղանակը:
Չքարտեզագրված ջրերի մեջ ես, սակայն քեզ հետ է Տերը բոլոր ծովերի, քեզ հետ է Սաստողը Փոթորիկների, ցնծա ու երգիր քո ճանապարհին: Լուռ հետևիր Սահմանափակող Տիրոջը. հետևիր Աստծուն, որովհետև Նրան ծառայելու մեջ է Կատարյալ Ազատությունը:
ՆԱ` ՏԻԵԶԵՐՔԻ ԱՍՏՎԱԾԸ, կաշկանդելով դրեց Իրեն մանկան նեղանձուկ մարմնի մեջ, պատանեկության ու երիտասարդության տարիներին Իրեն կամովին ենթարկեց մարդկային բնության սահմանափակումներին: Նշանակում է՝ դու էլ պիտի սովորես քո իմացությունը և կարողությունը, որոնք անսահման զորեղ են հոգևոր իրականության ասպարեզում, սահմանափակումների ենթարկել աշխարհային գործերի մեջ:
Այսուհանդերձ, Ես քեզ հետ եմ: Երբ Իմ աշակերտները ձուկ որսալու համար ողջ գիշեր չարչարվեցին ու մնացին ձեռնունայն, Ես երևացի նրանց, և ուռկանները պատռվելու աստիճան լցվեցին ընտիր ձկներով:
0Comments