Իմ թագավորությունը. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Հիշեք, որ Ես եկա հիմնելու մի Նոր Թագավորություն, այո, թագավորություն

Հիսուս

Դեկտեմբերի 8

Դրանցից ավելի մեծերը կանեք, որովհետև Ես գնում եմ Հորս մոտ:

Երբ Ես երկրի վրա էի, Ինձ հետ առնչվող շատ մարդկանց համար Իմ Գործը ձախողված ու տապալված էր լիովին: Նույնիսկ Իմ աշակերտները երբեմն տարակուսանքով ու երբեմն էլ զարմանքով էին հետևում Ինձ: Երբ նրանք թողեցին Ինձ ու փախան, պատճառը ոչ այդքան Իմ թշնամիներից ունեցած վախն էր, որքան այն համոզումը, որ Իմ առաքելությունը, որքան էլ որ գեղեցիկ լիներ, ձախողվել է:

Եվ հակառակ այն ամենի, որ հայտնել ու սովորեցրել էի իրենց, հակառակ վերջին ընթրիքի ժամանակ արած Իմ մտերիմ հայտարարությունների՝ նրանք գաղտնորեն փայփայում էին այն հույսը, որ երբ վերջին ժամը հնչի, երբ փարիսեցիների ատելությունը խոսքից գործի վերածվի, այն ժամանակ Ես վճռական գործողություններ սկսելու փող կհնչեցնեմ և Իմ բազմաթիվ հետևորդների գլուխն անցած՝ կհաստատեմ Իմ երկրավոր Թագավորությունը: Իսկ երբ այդպես չեղավ, Իմ աշակերտներից անգամ նրանք, ովքեր իսկապես հույս ունեին Իմ Հոգևոր Թագավորությունը տեսնել, մտածեցին, որ նյութաշխարհի ուժերն Ինձնից շատ ավելի զորավոր դուրս եկան:

Հիշեք, որ Ես եկա հիմնելու մի Նոր Թագավորություն, այո, թագավորություն: Եվ այդ Թագավորության մեջ ապրողները պետք է կարողանային անել շատ ավելի զորավոր գործեր, քան Ես էի կարողացել անել: Ճիշտ է, որ երկրի վրա դեռևս ոչ ոք Ինձնից ավելի մեծ Զորություն չի կարողացել ցույց տալ, ոչ ոք Ինձնից ավելի մեծ կյանքով չի ապրել, բայց երբ մարդիկ ճանաչեին Իմ Աստվածությունը, այդժամ Իմ Անունով մեծամեծ գործեր կատարելու հնարավորություններն ու առիթները կավելանային: Երկրի վրա կատարելիք Իմ Գործը այս էր՝ Իմ շուրջը հավաքել Իմ Թագավորության կորիզը և նրանց սովորեցնել Թագավորությանս ճշմարտությունները: Այդ ճշմարտությունների մեջ պետք է ապրեին ու գործեին նրանք: