Սթրեսը նվազեցնում է տղա ունենալու շանսերը. հետազոտություն

Մանրամասներ

1

Ապագա մայրերը, որոնք ֆիզիկական կամ հոգեբանական սթրեսի են ենթարկվում հղիության ընթացքում, տղա ունենալու քիչ շանսեր ունեն, ինչպես նաեւ, նրանց մոտ մեծ է վաղաժամ ծննդաբերության ռիսկը, հաղորդում է CNN-ը:

Հետազոտության հեղինակ, Նյու Յորքի Իվինգի բժշկական կենտրոնի տնօրեն Քեթրին Մոնկի խոսքով՝ եթե կինը տղայով է հղի, ապա նա ավելի խոցելի է դժբախտ դեպքերի նկատմամբ:

«Մենք գիտենք, որ տղամարդիկ ավելի խոցելի են մոր արգանդում»,- ասել է Մոնկը:

Հետազոտությանը մասնակցել են կանայք, որոնց մոտ արյան բարձր ճնշում եւ ֆիզիկական լարվածության այլ նշաններ են եղել, տղա եւ աղջիկ են ունեցել՝ 4:9 հարաբերակցությամբ, համապատասխանաբար, իսկ այն կանայք, որոնք հոգեբանական սթրեսի են ենթարկվել, ծնել են տղա եւ աղջիկ 2:3 հարաբերակցությամբ, համապատասխանաբար: Բոլոր կանանց մոտ առողջ հղիություն է ընթացել:

«Այլ հետազոտողներ պարզել են, որ տղաների ծնելիության նվազեցման միտումը կապ ունի տրավմատիկ իրողությունների հետ: Դրանցից մեկը նախագահ Քենեդիի սպանությունն է, մյուսը՝ Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը»,- ասել է Մոնկը:

Հղի կանայք, որոնք ֆիզիկական ճնշման են ենթարկվել, նույնպես հակված են եղել վաղաժամ ծննդաբերության: Սակայն հոգեբանական խնդիրների դեպքում ծննդաբերության ժամանակ ավելի շատ են բարդությունները, քան ֆիզիկական սթրեսի դեպքում:

Զարմանալի է նաեւ այն, որ որքան շատ սոցիալական աջակցում է ստացել մայրը, այնքան մեծ են եղել տղա երեխա ծնելու շանսերը:

«Աջակցությունը կարող է լինել ընտանիքի կամ ընկերների կողմից: Այդ զգացումը սթրեսի դեմ բախարգել է»,- ասել է Մոնկը: