Հոկտեմբերի 5
Տեր, հավատում ենք, օգնիր մեր անհավատությանը: Տեր, լսիր մեր աղոթքները, և մեր աղաղակները թող Քեզ հասնեն:
Ինչպես ասացի՝ քայլեք Աստծուն օրհնելու ճանապարհով: Այո՛. անշուշտ պիտի օգնեմ ձեր անհավատությանը և ի պատասխան ձեր աղոթքների՝ պիտի ուղարկեմ այնպիսի մեծ հավատք, մի այնպիսի վեր ընձյուղվող հավատք, որ ամեն օր՝ ներկայի պարզ տեսությամբ ետ նայելով՝ անցած օրերի հավատքը նկատեք իբրև անհավատություն:
Իմ Թագավորության գեղեցկությունը իր Աճումի մեջ է: Այդ Թագավորության մեջ միտում կա միշտ առաջադիմելու. շարունակ մի երթ կա՝ զորությունից զորություն, փառքից փառք: Հաստատվեք Իմ Թագավորության մեջ. օթևան ունեցեք այնտեղ և շուտով կխուսափեք նույն տեղում կանգնած մնալուց ու կարծրացումից: Հավիտենական Կյանք. լիառատ կյանք է խոստացված բոլոր նրանց, ովքեր Իմ Թագավորության մեջ իրենց կացարանը ունեն:
Զուր ժամանակ մի՛ ծախսեք՝ մտածելով ձախորդությունների ու թերությունների վրա: Հաշվի առեք օգտակար այն դասը, որ սովորեցիք դժվարություններից և ընդունեք դրանք՝ իբրև աստիճաններ վերելքի: Վեր բարձրացեք ու ընթացս մոռացեք, թե ինչպես կամ ինչից էին պատրաստված աստիճանները: Բնավ կարևոր չէ՝ նրանք ուրախությունի՞ց, թե՞ տրտմությունից, հաջողությունի՞ց, թե՞ անհաջողությունից, դեղ-սպեղանիի՞ց, թե՞ վերքերից են կազմված: Էականն այն է, որ դրանք ծառայում են իրենց նպատակին:
Մի ուրիշ դաս էլ սովորեք: Երբ արձանագործը անպիտան մարմար է գտնում, այն մի կողմ է նետում՝ չունենալով մշակելու հնարավորություն: Բայց հակառակ ամեն ինչի, այդ մարմարի կտորը իրեն կատարյալ կարծելով՝ արհամարհանքով է նայում այն կտորին, որի վրա քանդակագործը աշխատում է՝ տաշելով ու կատարելագործելով այն: Այս օրինակից դաս առեք ձեր կյանքի համար:
0Comments