Հայ-իրանական համագործակցության դաշտը լայն է, բայց քայլեր և գործնական արդյունքներ չկան. վերլուծաբան

Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ այդ ծրագիրը կյանքի կոչելը բխում է մեր երկրի ռազմավարական շահերից, և Հայաստանը պատրաստ է գործնական քայլեր իրականացնել այդ նպատակով

 

«ԻԻՀ  նախագահի խոսքում արտացոլված էին բոլոր ծրագրերը, որոնց շուրջ համագործակցություն է ակնկալում իրանական կողմը»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց իրանցի քաղաքագետ Ալի Սալամին՝ անդրադառնալով Փաշինյան-Ռուհանի հանդիպման արդյունքներին:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանիի հետ, որը Հայաստան էր ժամանել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին  նշել է, որ պատրաստ են ՀՀ կառավարության հետ շարունակել աշխատանքները՝ նոր ծրագրեր մշակելու և կյանքի կոչելու նպատակով, ընդլայնել «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ծավալները: «Միաժամանակ պատրաստակամ ենք Հայաստանում գազի, քամու և արևի միջոցով էլեկտրաէներգիայի արտադրության ծրագրերի իրականացմանը: Մենք շահագրգռված ենք էներգետիկայի ոլորտում տարածաշրջանային նախագծերի կյանքի կոչմամբ և ենթակառուցվածքների զարգացմամբ»,- ասել է Ռուհանին՝ շարունակելով, որ  իրանական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ նաև տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում, այդ թվում` մեր երկրում տարբեր ճանապարհաշինական ծրագրերում ներգրավվելու գործում:

Կողմերն անդրադարձել են նաև երկաթուղային բնագավառում, բարձր տեխնոլոգիաների, մաքսային, գիտության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերին: Իրանի նախագահը հավելել է, որ իրենք պատրաստակամ են քննարկել նաև Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը կյանքի կոչելու գործընթացը, ընդլայնելու երկկողմ կապիտալ ներդրումների, ազատ առևտրի գոտիների միջոցով առևտրաշրջանառության ծավալները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Պարսից ծոցը Սև Ծովին միացնելու տրանզիտային ուղիներին վերաբերող հարցերի շուրջ:

Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ այդ ծրագիրը կյանքի կոչելը բխում է մեր երկրի ռազմավարական շահերից, և Հայաստանը պատրաստ է գործնական քայլեր իրականացնել այդ նպատակով:

Ալի Սալամիի խոսքով՝ ԻԻՀ-ն, սերտացնելով համագործակցությունը հարևանների և աշխարհի հետ, փորձում է հաղթահարել այն քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական խնդիրները, որոնցում հայտնվել է ԱՄՆ-ի հետ խնդրահարույց հարաբերությունների, մասնավորապես՝ պատժամիջոցների պատճառով:

Ըստ նրա՝ ԻԻՀ նախագահի խոսքում արտացոլված էին այն բոլոր կարևորագույն ուղղությունները, որոնցում Իրանը ցանկանում է աշխատել Հայաստանի հետ՝ որքան էլ որ ծրագրերը խոշոր են, պահանջում են մեծ ներդրումներ և ինչ-որ տեղ անհեռանկարային են թվում, և այդ ոլորտներում Հայաստանի հետ համագործակցությունն Իրանին կօգնի շատ ավելի լայն խնդիրներում:

«Իհարկե, համագործակցության խորացումն ի նպաստ երկու կողմերի է: Հայաստանը ևս թե քաղաքական, թե առևտրատնտեսական, էներգետիկ օգուտներ կստանա այս համագործակցությունից: Բացի այն, որ ԵԱՏՄ-ի հետ համաձայնագիրը հրաշալի հնարավորություն է Իրանի և Հայաստանի նոր դերի համար: Պարսից ծոցը Սև ծովին կապող ծրագրի մասին է խոսքը, գազային փոխանակման ծրագրերի, ինչպես նաև առևտրաշրջանառության ծավալների աճի և Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման, ազատ առևտրի գոտիների ակտիվ գործարկման մասին են հայ-իրանական հարաբերությունները:

Բայց թեև դա հայկական կողմն այսօր հերքեց, այնուամենայնիվ, այս ամենում աշխարհաքաղաքական բաղադրիչ կա, այլապես այս ծրագրերին հայկական կողմն ավելի մեծ արագությամբ կարձագանքեր, քանի որ իրանական կողմի շահագրգռվածությունն արտահայտվում է տարբեր ուղերձների տեսքով, անընդհատ կերպով: Հարկավոր է, որպեսզի Հայաստանը ևս իր տեսլականը ներկայացնի, կոնկրետ քայլեր դրանց ուղղությամբ:

Այս բոլոր ծրագրերը կօգնեն Հայաստանին դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը, էներգետիկ ոլորտը, կօգնեն մեղմել շրջափակման վնասները, կօգնեն ակտիվացնել տնտեսությունը, օգուտներ քաղել տարանցիկ դերակատարությունից: Այս ամենում պետք է օգտագործել նաև Ռուսաստանի ռեսուրսները, և դա արդեն շատ ավելի հեշտ լուծվող խնդիր է, քանի որ կա նոր  համագործակցություն ԵԱՏՄ-ի հետ»,- ասաց վերլուծաբանը:

Ինչ վերաբերում է գազային համագործակցությանը, իրանցի քաղաքագետն ասաց, որ այդ համագործակցության ուղղությամբ ևս Իրանը տեսլական ունի, և ներկայումս խոսք չի գնում ծավալուն համագործակցության մասին: Բայց, ըստ նրա, այն ծրագրերը, որոնք ներկայումս գործում են, կարող են ընդլայնվել, և այդ մասին ԻԻՀ նախագահը  խոսեց բացեիբաց:

«Այսինքն՝ համագործակցության դաշտը լայն է, բայց քայլեր և գործնական արդյունքներ չկան՝ բացի Իրան-ԵԱՏՄ համաձայնագրից: Մեզ պետք է հետաքրքրի նաև երկկողմ օրակարգը»,- ասաց վերլուծաբանը: