Կատուները կարող են ամուր կապվել մարդկանց հետ, ինչպես շները, տեղեկացվում է Current Biology-ում։ Ինչպես ցույց է տվել փորձը, փիսիկների 64 տոկոսն ամուր կապեր է ձեւավորում տերերի հետ եւ այդ կապվածությունը պահպանում մեծանալուց հետո։ Կատուների մոտ կապվածության առաջացումը կախված չի եղել մարզումներից եւ լրացուցիչ սոցիալացումից, տեղեկացնում է N+1-ը։
Չնայած կատուներին, ինչպես եւ շներին հաճախ պահում են որպես ընտանի կենդանիներ, գիտնականները շատ ավելի հաճախ են հետազոտում հենց վերջինների կոգնիտիվ հմտությունները։ Պատճառը կարող է լինել այն, որ շների մոտ կա ամուր սոցիալական կապեր ձեւավորելու հակում, այդ թվում մարդկանց հետ։ Կարծիք կա, որ կատուները կապվածություն չեն զգում իրենց տերերի հանդեպ, այլ նախընտրում են «ինքնուրույն ման գալ»։
Օրեգոնի համալսարանի հետազոտողները՝ Քրիսթին Վիտալեի գլխավորությամբ, ցույց են տվել, որ կատուները դրսեւորում են կապվածության տարբեր աստիճան իրենց տերերի հանդեպ։ Դրա համար նրանք օգտագործել են անծանոթ իրավիճակի թեստը, որի օգնությամբ գնահատում են պրիմատների եւ շների կապվածության աստիճանը։ Թեստերի ընթացքում կենդանիները սկզբում ժամանակն անցկացրել են տերերի ընկերակցությամբ, իսկ հետո մնացել են մենակ, ինչից հետո տերերը վերադարձել են այն տարածք, որտեղ գտնվել են կենդանիները. ամբողջ ցիկլը տեւել է վեց րոպե։ Փորձերին մասնակցել է 3-8 ամսական 79 կատու։
Փորձի ժամանակ գիտնականները հետեւել են փիսիկների վարքին եւ առանձնացրել տիրոջը կամ տիրուհուն նրանց կապվածության մի քանի մակարդակ։ Հեղինակները կապվածությունն ամուր են համարել, եթե կենդանիները թույլ են տվել գրկել իրենց կամ շոյել ու հանգիստ են պահել իրենց, մոտեցել են վերադարձած տիրոջը կամ տիրուհուն, ինչպես նաեւ ջանացել են մոտ գտնվել նրանց կամ վերադարձել են խաղերին կամ սենյակի ուսումնասիրմանը։
Թույլ եւ հակասական կապվածության դեպքում կատուները կարող էին մոտ մնալ տերերին, հետեւել նրանց կամ կառչել նրանցից, երբ նրանք դուրս էին գալիս սենյակից, բայց եւ վատ են վերաբերվել այն բանին, երբ իրենց գրկել են։
Ամուր չեն համարել այն կապը, երբ կենդանիները չեն դիմադրել շփումներին առհասարակ, բայց գրեթե կամ լիովին չեն անհանգստացել, երբ տերերը դուրս են եկել սենյակից, եւ թույլ են արձագանքել, երբ վերադարձել են։
Ոչ ամուր եւ չկազմակերպված կապվածության համար բնութագրական են տիրոջից խուսափելը նրա վերադառնալուց հետո եւ վարքի որոշակի տարօրինակությունները։ Օրինակ, փիսիկը տենդագին լվացվել է կամ քարացել տեղում, առանց տեսանելի պատճառի վախեցած նայել է տարածքին կամ անշարժ մնացել առնվազն 20 վայրկյան։
0Comments