ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ ինքը կոշտ դիրքորոշում է ունեցել Վենեսուելայի և Կուբայի հարցում, սակայն իր ազգային անվտանգության հարցերով արդեն նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն իրեն «հետ է պահել» ինչպես այդ, այնպես էլ մի շարք հարցերում, գրում է Politico-ն:
«Իրականում իմ հայացքները Վենեսուելայի և հատկապես Կուբայի վերաբերյալ շատ ավելի կոշտ էին, քան Ջոն Բոլթոնինը: Նա ինձ հետ պահեց»,-գրել է Թրամփը Twitter-ում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Սպիտակ տան ղեկավարն արձագանքել է սենատոր Մարկո Ռուբիոյի ուղերձին ի պատասխան, որը հինգշաբթի առավոտյան համացանցում հայտնել էր, որ նա Վենեսուելայի մասին զրույց է ունեցել Թրամփի հետ:
«Ճիշտ է, որ նա չի համաձայնել նախորդ խորհրդականի որոշ հայացքների հետ», - հայտնել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ընդդիմախոս գործիչը՝ Թրամփի հետ իր զրույցի մասին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրեր առաջ հայտարարել էր, որ աշխատանքից հեռացրել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին:
«Անցյալ գիշեր տեղեկացրել եմ Բոլթոնին, որ իր ծառայությունների կարիքը Սպիտակ տունն այլևս չունի: Ես կտրականապես համաձայն չեմ նրա առաջարկներից շատերի հետ, ինչպես և վարչակազմի այլ աշխատակիցներ նույնպես: Այդպիսով՝ խնդրել եմ Ջոնին հրաժարական տալ, ինչը նա արել է այսօր առավոտյան: Ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդականին կնշանակեմ հաջորդ շաբաթ»,- գրել էր Սպիտակ տան ղեկավարը:
Ավելի վաղ Daily Mail-ն անդրադարձել էր Բոլթոնի անակնկալ հրաժարականի պատճառներին:
0Comments