Հանցագործություն կատարելով՝ հանցագործություն չեն բացահայտում

Փաստաբան Գեորգի Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է քրեական հեղինակություն համարվող Արթուր Սարգսյանին՝ Դոն Պիպոյին բերման ենթարկելու տեսանյութին

Փաստաբան Գեորգի Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջով անդրադարձել է քրեական հեղինակություն համարվող Արթուր Սարգսյանին՝ Դոն Պիպոյին բերման ենթարկելու տեսանյութին՝ նշելով, որ դա ամոթ է։

Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթը երեկ տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, որ մոտ 20 օր առաջ ոստիկանները փորձել են Դիլիջանում բռնի ուժով բերման ենթարկել Դոն Պիպոյին։ Տեղեկությունը ճշտելու համար «Փաստինֆո»-ն դիմեց Ոստիկանության լրատվական բաժին, որտեղից մեր հարցին ի պատասխան՝ տեղեկացրին, որ Ոստիկանությունը իր լիազորությունների շրջանակներում մշտապես իրականացնում է կանխարգելիչ գործողություններ։

Փաստաբանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ.

«Դոն Պիպոի տեսանյութի մասով ամոթ է։
Անձին պարտավոր են տեղում պարզաբանել նրա իրավունքները, կասկածանքի էությունը, կամովին իրենց հետ ոստիկանություն ներկայանալու անհրաժեշտությունը և որոնց իրազեկվելուց հետո երբ չի ենթարկվի անձը կարող է հարկադրաբար բերման ենթարկվել։ Այնինչ ականատես ենք լինում անգրագետ իրավաբանական որևէ հիմնավորում չունեցող իշխանական կամայականությամբ առաջնորդվող գործողության։
Վերստին հաստատում եմ իմ այն համոզմունքը որ հանցագործություն կատրելով հանցագործություն չեն բացահայտում։
Ես չէի անդրադառնա եթե այս հիվանդությունը որը իրավաբանական անգրագիտության արդյունք է տարածված չլիներ իրավապահ համակարգում։
Ամոթ է հարգեք ձեր իրավապահպան առաքելությունը։»