Բոլորին ամեն ինչ պարզ է. Ինտերֆաքսը՝ Քոչարյանին ազատ արձակած դատավորի աշխատասենյակում խուզարկության մասին

Գրիգորյանն ասել է, որ չգիտի, թե ինչ կեղծիքի մասին է խոսքը և որևէ կարգավիճակ դեռ չունի

Ռուսական Ինտերֆաքս գործակալությունն անդրադարձել է մայիսին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխած դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում ՀՔԾ-ի խուզարկությանը:

Գործակալությունը, մեջբերելով ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանի խոսքերը, գրում է, որ խուզարկությունը տեղի է ունեցել քրեական գործի շրջանակներում: Օհանջանյանը հրաժարվել է հայտնել մանրամասներ:

Ինքը՝ դատավորը, գործակալությանը հայտնել է, որ խուզարկությունը տեղի է ունեցել քրեական գործի շրջանակներում, որը վերաբերում է պաշտոնական կեղծիքին: Գրիգորյանն ասել է, որ չգիտի, թե ինչ կեղծիքի մասին է խոսքը և որևէ կարգավիճակ դեռ չունի:

Հարցին՝ կարող է արդյոք խուզարկությունը կապ ունենա Քոչարյանի գործի հետ, դատավորն ասել է. «Կարծում եմ, որ բոլորին ամեն ինչ պարզ է»: