«Ռուսթավի 2»-ի հաղորդավարը հայհոյել է Պուտինին

Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան Գաբունիայի հայտարարությունը որակել է որպես անբարոյական և անպատասխանատու հայտարարություն

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի «Պոստ Սկրիպտում» հաղորդման հաղորդավար Գեորգի Գաբունիան եթերում հայհոյանքներ է ուղղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան դատապարտել է Գաբունիայի հեղինակային հաղորդման ժամանակ հնչեցված անպատշաճ խոսքը՝ նշելով, որ հեռուստաալիքը չի աջակցում նման երևույթներին։ Գլխավոր տնօրենն ընդգծել է, որ լիովին համամիտ է Գաբունիայի հայտարարության պաթոսի հետ և մտադիր չէ ներողություն խնդրել Պուտինին հասցեագրված վիրավորանքի համար, սակայն նշել է, որ հեռուստաալիքն անթույլատրելի է համարում նման ինքնագործունեությունը։

Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան Գաբունիայի հայտարարությունը որակել է որպես անբարոյական և անպատասխանատու հայտարարություն, որը վնասում է ոչ միայն «Ռուսթավի 2»-ին, այլ վրացական ԶԼՄ-ներին, նպաստում է ԶԼՄ-ների և լրագրողների հանդեպ վստահության նվազեցմանը, ատելության խոսքի քարոզմանը։