Ոչ մեկին արգելված չէ Վահեի նման երազել

Ինձ էլ այսօրվանից կարող եք համարել Գուատեմալայի առաջնորդ

Հայելի ակումբում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակին, նշեց, որ վերլուծելով բոլոր կարծիքները՝ սկսել է մտածել, որ այստեղ չկա իրավունքի խնդիր, քանի որ այն արդեն լուծված է։

«Մեկ անգամ ևս հիշեցնեմ, որ Սահմանադրության 213-րդ հոդվածը հստակ սահմանում է՝ Սահմանադրության 7-րդ՝ դատական իշխանության վերաբերյալ գլուխն ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների ավարտը։ Հիմա ինչի՞ մասին է խոսքը, այստեղ իրավունքի վեճ չկա, այլ կա քաղաքական շահերի խնդիր։ Այս կարծիքն ինձ մոտ ձևավորվել է հենց Սահմանադրական դատարանի ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանի ընտրվելու օրը, երբ նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ՍԴ անդամի ընտրությունը քաղաքական պաշտոն է, հետևաբար՝ այն քաղաքական ընտրություն է»,- նշեց Գևորգ Պետրոսյանը։


Անդրադառնալով Վահե Գրիգորյանի այն հայտարարությանը, որ վերջինս, ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելով, ձեռք է բերում նաև նախագահի լիազորությունները, Պետրոսյանն ասաց. «Ոչ ոքի արգելված չէ երազել, ոչ մեկի արգելված չէ երևակայել, ես էլ կարող եմ հիմա հայտարարել, որ այսուհետ ինձ ընդունեք ասենք՝ Գվատեմալայի կամ Վենեսուելայի նախագահ, հետո՞: Բա կոռեկտությո՞ւնը, բա օրինականությո՞ւնը: Ինքն առայժմ առերևույթ լեգիտիմ դատավոր է»,-նշեց պատգամավորը: