Ուսումնական տարվա ընթացքում երեխաներն անհամբերությամբ սպասում են ամառային արձակուրդներին՝ երազելով դրսում խաղալու և դաս չանելու մասին:
Հոգեբանի խոսքով՝ դասերի մասին, առհասարակ, մոռանալը խրախուսելի չէ, սակայն դա չի նշանակում ամեն օր դաս անել և մոռանալ հանգստի մասին: Ինչպե՞ս կարելի է ճիշտ կազմակերպել փոքրիկի հանգիստը` համատեղելով օգտակարն ու արդյունավետը: Այս հարցի շուրջ «Իմ փոքրիկ»-ը խոսել է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանի հետ:
– Շատ կարևոր է, որ հանգիստը ներառի ակտիվ մաս, այսինքն՝ վազելու, խաղալու, ակտիվ վարժություններ անելու գործողություններ: Իհարկե, յուրաքանչյուր ընտանիք ինքն է ընտրում հանգստի իր եղանակը՝ ելնելով հետաքրրություններից: Բայց բոլոր դեպքերում հանգիստն առավել հետաքրիր դարձնելու համար երեխային պետք է մղել ֆիզիկական ակտիվության:
Այսպիսով՝ առանձնացնենք ամառային արձակուրդներն անցկացնելու մի քանի տարբերակ:
1. Ամառային դպրոցներ
Ներկայում կան տարբեր տեսակի ամառային դպրոցներ, որոնց նպատակը ոչ այնքան դաս անելն է, որքան ֆիզիկական ակտիվությամբ վարժություններ կատարելը, տարբեր հմտություններ ձեռք բերելը: Նման միջավայրերն օգնում են երեխային ավելի ինքնավստահ լինել, նոր ընկերներ ձեռք բերել, շփման մեջ ազատ լինել, լիցքաթափվել:
2. Դաս անե՞նք
Իհարկե, դասերին ևս արժե անդրադառանալ, բայց ոչ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո: Մի՛ մոռացեք, որ նրանք առանց այն էլ անհամբեր սպասում են, որ դասերն ավարտվեն։ Դրա համար անհրաժեշտ է մի որոշ ժամանակ նրանց շեղել դասերից, մի քիչ լիցքաթափել: Երեխաներին կարելի է տանել պարապմունքների, բայց չի կարելի ծանրաբեռնել: Կարևոր է, որ երեխան պարտադրված չգնա պարապմունքների, այլապես արդյունք չի տա: Կարող եք երեխային առաջարկել 10 րոպե արտագրություն անել, այս կամ այն վարժությունը կատարել, սակայն դա չպետք է տևի օրակամ 15 րոպեից ավելի:
3. Ծնող-երեխա. մտերմության լավագույն շրջանը
Ամառային արձակուրդների շրջանը լավագույնն է երեխայի հետ հարաբերությունների ամրապնդման համար, քանի որ տարվա մյուս շրջաններում երեխա-ծնող կապը գնալով թուլանում է դասերի, աշխատանքի, հետևաբար՝ ծանրաբեռնված լինելու պատճառով: Օգտվե՛ք այդ հնարավորությունից՝ ավելի մոտ լինելու երեխային:
4. Գրքեր, արշավներ, բնություն, կենդանիներ
Կարելի է երեխայի հանգիստը կազմակերպել՝ նրան տանելով արշավների: Այն շատ է օգնում զարգանալ, մեծանալ, ինքանվստահություն ձեռք բերել, կոփվել, ինքնուրույնություն ձեռք բերել: Ցանկալի է երեխաների հետ ընթերցանությամբ զբաղվել՝ հեքիաթներ կարդալ, տարբեր պատումներ պատմել միասին: Հանգստի մեջ պետք է ներառել նաև բնության, կենդանիների հետ շփումը:
5. Իսկ նա քանի՞ տարեկան է
Ժամանցի կազմակերպման մեջ երեխայի տարիքը շատ կարևոր է: Մանկապարտեզի տարիքի երեխաների համար քնի, ճաշի ռեժիմը պետք է նույն կերպ կազմակերպել: Իսկ ահա ավելի մեծ՝ դեռահասության տարիքի երեխաների մոտ հանգստի կազմակերպման եղանակը տարբերվում է: Այս դեպքում հաճախ ծնողն է թելադրում դեռահասին՝ ինչպես կազմակերպել հանգիստը: Սակայն հաշվի առնելով այս տարիքի մի շարք նրբություններ՝ հարկավոր է քննարկել երեխայի հետ հանգստի կազմակերպման ձևը:
Շատ հնարավոր է, որ դեռահասն ունենա այնպիսի հորմոնալ ակտիվ ֆոն, այնպիսի մարմնային հոգնածություն, հոգեկան լարվածություն, որ ակտիվ հանգիստ չցանկանա: Հնարավոր է՝ նա նախընտրում է բնության գրկում լինել, երաժշտություն լսել, հանգստանալ: Այս դեպքում հարկավոր է մեկ շաբաթ թողնել նրան հանգիստ վիճակում, այնուհետև միասին արշավ գնալու պլաններ մշակել:
Իզուր չէ, որ երեխաներն այդքան շատ են սիրում արձակուրդները։ Ի վերջո, արձակուրդը նրա համար է, որ մարդը վերականգնի իր ուժերը, հոգեբանական ռեսուրսները: Այս դեպքում ծնողն ու երեխան պետք է համագործակցեն միմյանց հետ, այլապես հանգստի ոչ ճիշտ կազմակերպումը ամբողջ տարվա ընթացքում երեխայի մոտ ֆիզիկական հիվանդությունների և հոգեբանական խնդիրների պատճառ կարող է դառնալ:
0Comments