Քույր-եղբայրների միջև մղվող «պատերազմն» աշխարհի չափ հին պատմություն ունի։
Մասնագետներն առանձնացնում են ընտանիքում մանկական կոֆլիկտների 4 պատճառ՝ երեխաների զբաղվածության բացակայություն, պայքար ծնողների ուշադրության համար, կենցաղային խնդիրներ ու կուտակված վիրավորանք։ Այդպիսի կոնֆլիկտներն անգամ ժողովրդական բանահյուսության հյուսվածքների թեմա են դարձել, սակայն դրանք հակամարտող քույր-եղբայրների ծնողների համար իսկական գլխացավանք են։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն եղանակները, թե ինչպես փոքր քույրերի ու եղբայրների հարաբերություններում խաղաղություն ու ներդաշնակություն մտցնել։
Նախ և առաջ պետք է նկատել, որ առանց կոնֆլիկտների հարաբերություններ չեն լինում, և քույր-եղբայրների հարաբերությունները բացառություն չեն։ Իրականում երեխաները նույնիսկ մի փոքր պետք է մրցակցեն ծնողների ուշադրության համար ու միավորվեն «արտաքին թշնամու», ենթադրենք՝ դպրոցում իրենց նեղացնողների դեմ։ Որպեսզի ընտանիքում քույր-եղբայրների բախումները հասցվեն փոքրագույնի, հոգեբանները ծնողներին խորհուրդ են տալիս հետևյալը։
Յուրաքանչյուր երեխայի համար անհատական ծնողական ժամ հատկացրեք։
Պայմանական ժամ, որի ընթացքում ծնողների ողջ ուշադրությունը պատկանում է միայն տվյալ երեխային։ Դա կարող է լինել համատեղ զբոսանք, ընթերցանություն կամ պարզապես սրտակից զրույց։ Հատկապես դա կարևոր է առաջնեկի համար, քանի որ նա դեռ հիշում է այն ժամանակը, երբ միակն էր ընտանիքում, և ծնողների ողջ ուշադրությունը միայն իրեն էր պատկանում։
Յուրաքանչյուր երեխայի համար անձնական տարածք առանձնացրեք։
Յուրաքանչյուր երեխա տանը պետք է անձնական տարածք ունենա։ Եթե նրանց առանձին սենյակներ հատկացնելու հնարավորություն չկա, կարելի է պայմանականորեն մանկական սենյակը բաժանել առանձին սեփականությունների։ Երեխան պետք է ունենա ոչ միայն իր մահճակալը, այլև պահարանում իր դարակը ու հագուստ՝ դրված դրա վրա, սեղանի իր հատվածը, սպասքը։
Դադարեցրեք համեմատելն ու պիտակավորելը։
Երբեք ձեր երեխաներին միմյանց հետ մի համեմատեք, մի համեմատեք նաև այլ երեխաների հետ, այլապես կարժեզրկեք երեխաների ձգտումներն ու ավելի լավը դառնալու փորձերը։ Կիրառեք միայն խրախուսական խոսելաոճ։ Խրախուսեք ձեր երեխաների ջանքերը՝ գործադրված տարբեր ոլորտներում։
Հաշվի առեք յուրաքանչյուր երեխայի հետաքրքրությունները՝ փոխանակ միշտ հավասարություն հռչակելը։
Հնարավորինս քիչ միավորեք երեխաներին բառերով ու արարքներով, հատկապես, եթե տարիքային տարբերությունը 3 տարուց ավելի է, քանի որ այդ ժամանակ նրանց պահանջմունքները, հետաքրքրություններն ու օրվա ռեժիմը կարող են չհամընկնել։
Եվ հիշեք, որ նրանք բոլորովին տարբեր անհատականություններ են։
Խաղերն ու գադջեթները կարող են ընդհանուր լինել, սակայն, միևնույն ժամանակ՝ երեխան պետք է իմանա, որ ինքն իրավունք ունի չկիսել ուրիշի հետ իր արժեքավոր իրը, եթե չի ուզում, անգամ, եթե այդ ուրիշը քույրն է կամ եղբայրը։
Չարժե անընդհատ պնդել հավասարության մասին։ Ավելի լավ է յուրաքանչյուր երեխային տալ այն, ինչի կարիքը նա ունի։ Մեկին շատ է պետք, մյուսին՝քիչ։ Սակայն յուրաքանչյուր երեխա իրեն ավելի վստահ կզգա՝ իմանալով, որ իր հետաքրքրությունների ու կարիքների հետ հաշվի են նստում, և ինքը միշտ կարող է ստանալ այն, ինչ իրեն իսկապես պետք է։
Ավագ երեխային փոքրի դայակը մի դարձրեք։
Երեխաների դաստիարակությունն ու նրանց մասին հոգ տանելը ծնողների պարտականությունն է։ Ավագ երեխաները մեղավոր չեն, որ դուք որոշել եք էլի երեխաներ ունենալ, բայց ձեր ուժերը չեք հաշվարկել։ Եթե երեխաների միջև տարբերությունը 12 տարուց քիչ է, ապա ավագներին կրտսերների հետ երկար ժամանակով միայնակ թողնելը նույնիսկ վտանգավոր է։ Իսկ եթե տարիքային տարբերությունն ավելի մեծ է, ապա ավագն իր վրա կարող է փոքրին խնամելու պատասխանատվությունը վերցնել, բայց միայն՝ ըստ պայմանավորվածության, կոնկրետ ժամի ու պարգևի դիմաց։ Վերջինս կարող է ամենատարբեր բան լինել՝ երկար սպասված գնում, ցանկալի զվարճանք կամ էլի ուրիշ բան։
Մյուս կողմից՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամ տանն իր պարտականությունն ունի։ Եվ կրտսեր երեխայի նկատմամբ խնամքը կարող է ձևակերպվել՝ որպես երեխայի՝ տնային պարտականությունների կատարում։ Բայց այս դեպքում ևս հստակ պետք է ասվի՝ քանի ժամ և որ օրերին։
Երեխաներին սովորեցրեք թիմ լինել։
Խրախուսեք երեխաների թիմային աշխատանքը։ Վերցրեք մի տուփ ու ամեն անգամ դրա մեջ դրամ գցեք այն ժամանակ, երբ երեխաները միմյանց նկատմամբ լավ են վերաբերվում, հարգալից են, երկար ժամանակ խաղացել են միմյանց հետ՝ առանց վիճելու, և այլն։ Եվ ընդհակառակը, հանեք ամեն անգամ դրամը, երբ հակառակ պատկերը կտեսնեք։ Թող հետո երեխաներն իրենք որոշեն, թե ինչի վրա ծախսեն հավաքված գումարը։
Զբաղեցրեք երեխային։
Հաճախ կռիվների ու վեճերի թեմա դառնում է տարրական ձանձրույթը։ Ձանձրացող երեխայի համար ավելի զվարճալի ի՞նչ կա, քան սկսել բզբզել մեկ ուրիշի, ում արձագանքը կլինի նրա վարքագծին համապատասխան։ Այնպես որ, ձեր կողմից ժամանակին գրավիչ զբաղմունքի գաղափար տալը կարող է սառեցնել կրքերը։
Արդար եղեք։
Մի բռնեք ինչ-որ մեկի կողմը ու մի պարզեք, թե ով է եղել կոնֆլիկտ հրահրողը։ Չարժե երեխաներին երկուստեք պատժել, եթե կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգ չկա։ Վերջին դեպքում պետք է բաժանել երեխաներին, որ հանգստանան վերջապես։ Մնացած դեպքերում ավելի լավ է չեզոքություն պահպանել։ Ընդունեք ու հասկացեք նրանց բոլորի զգացմունքներն ու հայացքները, օգնեք նրանց դրանք միմյանց համար էլ հասկանալի դարձնել։
Ընտանիքի ողջ միջոցները միայն մեկ երեխայի վրա մի ներդրեք։
0Comments