Որոնք են ընկճախտի ոչ ակնհայտ նշանները․ Ինչպես խուսափել բացասական հետևանքներից

Մանրամասներ

Ընկճախտը կամ դեպրեսիան լուրջ հիվանդություն է: Այն կարելի է շփոթել հոգնածության հետ, հաճախ թաքնվում է նաև չափից դուրս աշխատամոլության դիմակի կամ, ընդհակառակն, անզուսպ կենսուրախության դիմակի տակ: Տխրությունը, աննախաձեռնողականությունը, ֆիզիկական և բարոյական ուժերի կորուստը տվյալ հիվանդության նշաններն են, բայց ոչ՝ միակները:

Միանշանակ ախտորոշում դնել միայն կարող է բժիշկը, սակայն քեզ կամ քեզ մտերիմ մարդու մոտ այս էմոցիոնալ խանգարումը կարելի է նաև ինքնուրույն կասկածել: Ուրեմն որոնք են ընկճախտի ոչ ակնհայտ նշանները, որոնք կարող են օգնել խուսափել դրա բացասական հետևանքներից:   

Փիլիսոփայելը

Թաքնված ընկճախտ կարող է մատնանշել մարդու` փիլիսոփայական թեմաներով զրույցներ վարելու հաճախականությունը` օգտագործելով վերացական ձևակերպումներ, օրինակ` «Ինձ հետ այսպիսի բան միշտ է տեղի ունենում», փոխանակ ասի՝ «Վերջին 2 շաբաթներին նորմալ չեմ քնում», «Այս ամենն իմաստ չունի»  «Կարծում եմ՝ ուրիշ միջոց է պետք օգտագործել»: Դեպրեսիվ մարդիկ, որպես կանոն, սիրում են խոսել կյանքի իմաստի մասին ու դա անընդհատ են անում: Միևնույն ժամանակ՝ ոչ մի կոնկրետ բան չկա նրանց բառերի մեջ: Իսկ հոգեբաններն ասում են, որ որքան մարդը կոնկրետ է արտահայտում իր մտքերը, այնքան շատ նա կյանքից բավականություն ստանալու հնարավորություն ունի:

Խուսափողական վարքագծի փնտրտուքը…

Դեպրեսիվ խաթարմամբ մարդիկ հաճախ են տարբեր պատճառներ բերում ու եղանակներ փնտրում իրենց իրական ցանկություններն ու ձանձրույթը թաքցնելու համար: Օրինակ, կարող են հուզիչ պատմություն հորինել այն մասին, թե ինչու չեն եկել ընկերոջ ծնունդին, կամ թե ինչու գործընկերների հետ ճաշին չեն մնացել: Այս արդարացումները սոսկ քողարկումներ են, որպեսզի ոչ ոքի չանհանգստացնեն իրենց ճնշված էմոցիոնալ վիճակով:

Ադեկվատ արձագանքի բացակայություն…

Ընկճախտի վիճակում մարդն այլ կերպ է ընկալում շրջապատող իրականությունը: Նա կարող է սկսել բոլորի հետ համաձայնել, դադարել արտահայտել իր կարծիքն ու ցանկությունները, չարձագանքել, երբ իրեն վիրավորում են, և անգամ ցավ չզգալ այն իրավիճակներում, երբ այն անխուսափելի է, օրինակ, մտերիմների կորստյան դեպքում:

Հոգեսոմատիկ հիվանդություններ…

Ճնշված վիճակում մարդը կարող է բողոքել սրտի շրջանում դիսկոմֆորտից, ոտքերի ու ձեռքերի լարվածությունից, դժվարացած շնչառությունից, գլխացավից, ատամնացավից ու այլ բաներից: Ընդ որում, հետազոտությունը հավանաբար ցույց կտա, որ առողջության հետ ամեն ինչ կարգին է: Տարատեսակ ցավային զգացողությունների առաջանալը կարող է անկայուն և տագնապային վիճակի արդյունք լինել: Իր հերթին՝ ցավը հաճախ հանգեցնում է տագնապի ու լարվածության ի հայտ գալուն` ձևավորելով փակ շրջան ու մարդուն ստիպելով տանջվել հանկարծահաս հոգեսոմատիկ ցավերից:

Մտածողական ծամոն

Դեպրեսիայի վիճակում մարդն անընդհատ գլխում պտտում է միևնույն մտքերը: Նա մտածում է, որ այդ կերպ փնտրում է իր հարցերի պատասխանները, սակայն այդ խնդիրները կպչուն մտքերը լուծել չեն կարող: Ընդհակառակը, նրանք միայն ելքի փնտրտուքի պատրանք են ստեղծում: Շատ հեշտ է հասկանալ, թե արդյո՞ք մարդն ունի կպչուն մտքեր: Որպես կանոն` այդպիսի պահերին մարդը մտածկոտ է, ցրված և օրեցօր միևնույն թեմայի շուրջ է խոսում` առանց մտքերը գործողության վերածելու փորձի: Այս վարքագիծն ավելի է խորացնում ընկճախտը:

Անխնամ արտաքին տեսք…

Ճնշված, անտրամադիր վիճակը, որպես կանոն, ազդում է արտաքին տեսքի վրա: Եթե մարդը դադարել է հետևել իրեն, անտեսում է հիգիենայի կանոններն ու տան կարգուկանոնով չի զբաղվում, առիթ կա անհանգստանալու, թե արդյո՞ք նրա մոտ ամեն բան լավ է: Դա վերաբերում է նրանց, ովքեր նախկինում մաքրակենցաղության ու կարգուկանոնի հետ կապված խնդիրներ չեն ունեցել:

Աշխատանքի տեմպի փոփոխություն…

Եթե փոխվում է մարդու աշխատանքի տեմպը, դա կարող է նրա ճնշված վիճակի վերաբերյալ ահազանգ լինել: Մարդը կարող է դադարել գլուխ հանել օրական ստանդարտ խմդիրներից, սկսել մոռանալ ինֆորմացիան, շատ հոգնել, զգալ իր գործողությունների անիմաստությունը: Լինում է նաև հակառակ արձագանքը, երբ նախկինում ոչ այնքան ակտիվ մարդիկ հանկարծ դառնում են լարված գրաֆիկով աշխատամոլներ ու սկսում նվաճումներ ունենալ: Այդպիսով նրանք փորձում են փախչել սեփական զգացմունքներից ու կյանքին իմաստ հաղորդել:

Շինծու ուրախություն…

Ընկճախտը պոզիտիվ արտաքին տեսքի տակ քողարկելը հազվադեպ երևույթ չէ: Անընդհատ էմոցիոնալ փոսում գտնվող մարդիկ կարող են հասարակության ամենաերջանիկ ու անհոգ անձնավորությունները թվալ: Նրանք խուսափում են լուրջ խոսակցություններից ու բարդ թեմաներից: Այդպիսի մարդուն բացահայտել հնարավոր է միայն անձնական կոնտակտի ու վստահելի վերաբերմունքի դեպքում:

Ինչպես օգնել ինքդ քեզ ու մտերիմներիդ…

  • Եթե ընկճախտի նշաններ մտերիմ մարդու մոտ են նկատվում, ապա արժե փորձել նրա հետ խոսել իր ինքնազգացողության մասին ու օգնություն առաջարկել: Այն դեպքում, երբ մարդը կոնտակտի չի գնում, արժե նրան որոշ ժամանակով միայնակ թողնել ու հետևել նրա վիճակին:
  • Մի արժեզրկեք մտերիմների խնդիրները, մի հեգնեք ու մի ծիծաղեք իրավիճակի վրա: «Ուշքի արի», «վերջ տուր», «թուլացիր» կոչերը տվյալ դեպքում չեն աշխատում:
  • Օգնեք մանրուքներում, կենցաղային հարցերում, որոնց համար դեպրեսիան ուժեր չի թողել:
  • Մի պարտադրեք մարդուն ճնշված վիճակում ակտիվ կյանք վարել. նա դեռևս ի վիճակի չէ այդ անել:
  • Դեպրեսիվ մարդու հետ ընդմիջումներով շփվեք, որպեսզի նրա վիճակը ձեզ չփոխանցվի:
  • Ցրեք առասպելներն այն մասին, որ դեպրեսիան մասնագետի մոտ բուժելը պարտադիր չէ: Առաջարկեք պրոֆեսիոնալ օգնություն:
  • Ուշադիր եղեք նրանց նկատմամբ, ովքեր ձեր կողքին են: Երբեմն ժպիտի և սոցցանցային կատարյալ կյանքի հեռարձակման միջև թաքնված են լինում մեծ խնդիրներ:

1