Կիմ Չեն Ընը մտադիր է ավելացնել երկրի ռազմական հզորությունը

Ղեկավարի խոսքով՝ պետք է մշտապես հաշվի առնել, որ խաղաղությունը կարելի է ապահովել միայն ռազմական հզորությամբ, խստորեն հետևելով ինքնապաշտպանության սկզբունքին և շարունակելով ամրապնդել երկրի պաշտպանությունը

Հյուսիսային Կորեան կավելացնի ռազմական հզորությունը և կզարգացնի ատոմային էներգետիկան՝ չնայած ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև քննարկված «ապամիջուկայնացման» հարցին , հայտարարել է երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը։

Ինչպես նշում է РИА Новости-ն, նախօրեին Հյուսիսային Կորեայի ղեկավարը ելույթ է ունեցել ԿԺԴՀ Գերագույն ազգային ժողովի նիստին, որում մի շարք հայտարարություններով է հանդես եկել։

Կիմ Չեն Ընը մասնավորապես հայտնել է, որ էլեկտրաէներգետիկայի ոլորտում հարկավոր է մշակել և ստեղծել ավելի մեծ հզորության հեռանկարային էներգառեսուրսներ՝ ներառյալ հիդրոէներգետիկան, մակընթացային էներգիան և ատոմային էներգիան։ Դրանով նա հաստատել է, որ երկիրը չի պատրաստվում ամբողջությամբ հրաժարվել միջուկային մշակումներից։

Ղեկավարի խոսքով՝ պետք է մշտապես հաշվի առնել, որ խաղաղությունը կարելի է ապահովել միայն ռազմական հզորությամբ, խստորեն հետևելով ինքնապաշտպանության սկզբունքին և շարունակելով ամրապնդել երկրի պաշտպանությունը։

Կիմ Չեն Ընը կոչ է արել երկրի կառավարությանը առաջին հերթին ապահովել ազգային բանակը ամրապնդելու և ամբողջ երկիրն անառիկ ամրոցի վերածելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները, արդիականացնել պաշտպանական արդյունաբերությունը և շարունակաբար բարձրացնել պետության պաշտպանական ուժը։