Թավշյա հեղափոխությունը շուտով կբոլորի մեկ տարին, սակայն հանրահայտ Սաշիկ Սարգսյանը եւ իր երկու որդիներն ազատության մեջ են: Սաշիկ Սարգսյանի <<մեղքը>> ընդամենը 30 միլիարդ էր, որն արդեն վերադարձել է պետությանը եւ դրա դիմաց երաշխավորել իր եւ ընտանիքի ազատությունը: Հետեւաբար Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պետք է ներողություն խնդրեն Սաշիկ Սարգսյանից: Հեղափոխությունից առաջ նրանք այս բարի ու օրինապաշտ անձնավորությանը ներկայացնում էին գել ու գազան, ով Հայաստանի տնտեսությունը 50/50 է արել ու փայ ունի բոլոր բիզնեսներում:
Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները Գյումրիից մեկնարկած քայլարշավի ամբողջ ընթացքում արագաչափերի թեման էին շահարկում, դրանց օբյեկտիվները փակում էին ու հայտարարում, որ դրանք Սերժ Սարգսյանի եղբորն են ու իրենք անտիսաշիկ օպերացիա են իրականացնում: Հեղափոխականների կողմից սա ըստ ամենայնի աշխատող <<տրյուկ>> էր, որին միացան Սաշիկ Սարգսյանի մասին լեգենդներին քիչ, թե շատ ծանոթ քաղաքացիները:
Վարչապետ դառնալուց հետո Փաշինյանը մոռացավ իր հայտարարությունների մասին և ավելացրեց արագաչափերը:
Ավելին, իր թիմակից, Իմ Քայլի պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ հայտարարեց, թե Սերժ Սարգսյանի եղբայրը կապ չունի արագաչափերի բիզնեսի հետ:
«Սաշիկը, կապ չունի արագաչափերի բիզնեսի հետ:Ամբողջ տեսախցիկների համակարգը՝ գույքով, տեխնիկական միջոցներով, պետության սեփականությունն է շատ վաղուց՝ դեռևս 2013 թվականից: Որպես ծառայության մատուցում՝ դա հանձնարարվել է «Սեքյուրիթի դրիմ» կազմակերպությանը և որևէ մեկի սեփականությունը չէ: Այդ ամբողջ գույքը պատկանում է պետությանը և այդ գործառույթը իրականացվում է պետության կողմից: Սա ոչ մեկի բիզնեսը չէ»,- ասաց իմքայլական Խաչատրյանը:
Լրագրողի ճշտող հարցին, թե ինքը հերքո՞ւմ է այն լուրերը, որոնց համաձայն՝ Սաշիկն առնչություն ունի արագաչափերի բիզնեսի հետ, պատասխանեց՝ այո՛:
Բնականաբար այս հայտարարությունն իշխանական պատգամավորը չէր կարող չհամաձայնեցնել <<վերեւների>> հետ, հակառակ պարագայում կհերքեին, կամ պարզաբանում կտարածեին աղմուկ բարձրացրած այդ հայտարարության վերաբերյալ, ինչը չարվեց:
Այս ամենից կարելի է հետություն անել, որ Նիկոլ Փաշինյանն, իսկապես, բարերար է, Քըրք Քրքորյանի, Մանթաշովի եւ այլոց գործի արժանի շարունակողը. նախկին առանցքային դեմքերից ոչ մեկ մեղավոր չէ, ոչ մեկ ոչինչ չի թալանել, պարզապես Նիկոլ Փաշինյանը կարողանում է նրանց համոզել իրենց օրինական ունեցվածքից գումար տալ պետությանը:
hayeli.am
0Comments