Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եթովպիայի նախագահին

Զրուցակիցները մտքեր են  փոխանակել երկկողմ օրակարգի խորացման և հարստացման հեռանկարների շուրջ

Ապրիլի 3-ին Ադիս-Աբեբա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Եթովպիայի նախագահ Սահլե-Վորկ Զևդեի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է  Սահլե-Վորկ Զևդեին Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հաջողություններ մաղթելով այդ կարևոր առաքելության մեջ։ ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է Եթովպիային նաև ՄԱԿ Անվտանգության Խորհրդում հաջող անդամակցության առիթով:

Զրուցակիցները մտքեր են  փոխանակել երկկողմ օրակարգի խորացման և հարստացման հեռանկարների շուրջ։ Որպես առաջնային ուղղություն երկուստեք նշվել է տեղեկատվական տեխնոլոգիաների, թվային օրակարգի շուրջ համագործակցության խթանմանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը։

Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ Աֆրիկյան մայրցամաքի երկրների, այդ թվում Եթովպիայի հետ հարաբերությունների ընդլայնումը Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր առաջնահերթություններից է, և հայկական կողմը պատրաստակամ է գործնական քայլեր ձեռնարկել առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործման ուղղությամբ: Այս համատեքստում երկուստեք շեշտվել է նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը:

Եթովպիայի նախագահը և Հայաստանի ԱԳ նախարարն առանձնահատուկ ընդգծել են Եթովպիայի թեև փոքրաթիվ, սակայն ակտիվ հայ համայնքի դերը երկրի հասարակական-քաղաքական կյանքում՝ որպես ամուր կամուրջ և կապող օղակ երկու բարեկամ երկրների միջև:

Նախարար Մնացականյանն իր զրուցակցին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական զարգացումները, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգը, որի առանցքը նորարարության և տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված տնտեսության խթանումն է:

Նախարար Մնացականյանը կարևորել է Հայաստանի և Եթովպիայի հասարակական-քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության ընդլայնումը՝ գոհունակությամբ ընդգծելով, որ Հայաստանի կառավարության կողմից հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների 2019-2021 թվականների ազգային ծրագիրը:

Եթովպիայի նախագահի խնդրանքով՝ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումները: Զրուցակիցները համակարծիք էին, որ հակամարտությունների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։

Զրուցակիցները մտքեր  են փոխանակել նաև միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ: