Իրանը կործանարար պատասխան կտա ցանկացած սպառնալիքի․ ԻՀՊԿ հրամանատար

Մանրամասներ
Հոսեյն Սալամի

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին զգուշացրել է, որ Իրանը կործանարար պատասխան կտա ցանկացած սպառնալիքի, եթե այն գործնականում իրականացվի, գրում է Mehr-ը։

Գեներալ-մայոր Սալամին ընդգծել է, որ Իրանը գործում է թափանցիկ՝ բացահայտորեն ընդունելով իր գործողությունների պատասխանատվությունը՝ լինի դա ռազմական գործողություն, թե աջակցություն։

Իրանը ոչ մի դեր չի խաղում տարածաշրջանային դիմադրության խմբերի, այդ թվում Եմենի «Անսար Ալլահի» քաղաքականությունն ուղղորդելու հարցում, հավելել է նա:

«Մենք գաղտնի գործող պետություն չենք։ Մենք աշխարհում ճանաչված և վստահության արժանացած ռազմական տերություն ենք: Եթե ​​ինչ-որ բանի վրա հարձակվենք կամ ինչ-որ մեկին աջակցենք, բացահայտ կհայտարարենք դրա մասին»,- հայտարարել է նա։ Գեներալ-մայոր Սալամին անդրադարձել է Իսրայելի դեմ իրականացված նախկին գործողություններին՝ կրկնելով, որ Իրանը միշտ պատասխանատվություն է ստանձնել իր գործողությունների համար և չի հերքի կամ կեղծորեն չի ստանձնի որևէ գործողության պատասխանատվությունը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է երկրի զինված ուժերին սկսել «վճռական և ուժգին ռազմական գործողություններ» Եմենի հութիների դեմ՝ Իրանից պահանջելով դադարեցնել վերջիններիս աջակցությունը։

Վերջին տվյալներով, Եմենում ԱՄՆ ավիահարվածների հետեւանքով զոհվածների ու վիրավորների թիվը մոտեցել է 50-ի։

Եմենի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի զրույցում։ Լավրովը հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունը։

Իր հերթին Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ն «իրավունք կամ գործ չունի Իրանի արտաքին քաղաքականությունը թելադրելու համար»։